Այշատ Բայմուրադովայի սպանության գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել

Հայաստանում սպանված չեչեն կին 23-ամյա Այշատ Բայմուրադովայի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Ինչպես հայտնում է ռուսական «Осторожно, новости» լրատվամիջոցը՝ հղում անելով զոհի մտերիմներին, սպանությանը կարող է առնչություն ունենալ մի տղամարդ, որը նախկինում մեղադրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորելու մեջ։

Ըստ աղբյուրի՝ 30-ամյա Սաիդ-Խամզատ Բայսարովը սպանության օրը դուրս է եկել այն բնակարանից, որտեղ հետագայում հայտնաբերվել է Այշատ Բայմուրադովայի դին։ 2018 թվականին նա մեղադրվել էր «Իսլամական պետության» ֆինանսավորման մեջ, սակայն Մոսկվայի դատարանը փակել էր գործը։ Բացի այդ, նրա դեմ հարուցվել են քրեական գործեր հարբած վիճակում մեքենա վարելու և գողության համար։ Հայտնի է, որ Բայսարովի հայրը գործարար է Գրոզնիում։

Հաղորդվում է, որ Հայաստանի ոստիկանությունը Բայսարովի ինքնությունը հաստատել է տեսախցիկների տեսագրություններից։ Կադրերում երևում է, թե ինչպես է նա դուրս գալիս Բայմուրադովայի սպանության վայր դարձած բնակարանից մեկ այլ անձի՝ հավանաբար Կարինա Իմինովայի հետ, որի հետ Այշատը ծանոթացել էր սպանությունից ընդամենը մեկ օր առաջ՝ Ինստագրամում:

СК SOS իրավապաշտպան կազմակերպությունում նշել են, որ «քննությունը գիտի այս անձանց ինքնությունները», սակայն նրանք չեն հայտարարվել հետախուզման մեջ և, ամենայն հավանականությամբ, առանց խոչընդոտների լքել են Հայաստանը։

«Սա մտահոգիչ է, որովհետև գործը կարող են պարզապես փակել։ Գործը հարուցվել է սպանության հոդվածով, կան վկաների ցուցմունքներ և տեսախցիկների կադրեր։ Կան երկու մարդ, որոնք եղել են դեպքի վայրում և արագ հեռացել այնտեղից։ Սովորական դեպքերում նրանց անմիջապես կհայտարարեին հետախուզման մեջ», -ասել են իրավապաշտպանները։

Հիշեցնենք՝ Այշատ Բայմուրադովան Չեչնիայից Հայաստան էր տեղափոխվել՝ փախչելով ընտանեկան բռնությունից։ Նա 15 հոկտեմբերին այլևս չէր պատասխանել զանգերին։ Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել էր, որ նրան գտել են մահացած՝ քաղաքի կենտրոնում գտնվող վարձով բնակարանում։