ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ տեսանելի ապագայում Եվրոպան չի կարող ապահովել իր անվտանգությունը առանց ԱՄՆ-ի աջակցության։ Նրա խոսքով՝ ամերիկյան «միջուկային հովանոցը» շարունակում է մնալ Եվրոպայի ազատության գլխավոր երաշխավորը։
Ինչպես հայտնում է DW-ն, Ռյուտտեն այս հայտարարությունն արել է Եվրախորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հետ հանդիպման ընթացքում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն նույնքան շահագրգռված է ՆԱՏՕ-ում, որքան եվրոպական գործընկերները։
Միաժամանակ նա նշել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության համար և ավելացնի ռազմական ծախսերը։ Ռյուտտեն նաև քննադատել է միասնական եվրոպական բանակ ստեղծելու գաղափարը՝ այն համարելով ՆԱՏՕ-ի համակարգը բարդացնող քայլ։
Նրա հայտարարություններին արձագանքել են Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է ուժեղացնի իր պաշտպանական կարողությունները, սակայն պահպանելով ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ։



















