«Զբոսաշրջիկները ցանկանում են այցելել Տավուշ, Լոռի, Սյունիք». ըստ մասնագետների՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտը սկսում է շնչել

Զբոսաշրջության ոլորտում մասնագետները ակտիվություն են նկատում. Հայաստանում տուրիզմը արթնանալու նշաններ է ցույց տալիս, թեպետ տվյալները դեռևս գոհացուցիչ չեն։

Հայաստանյան զբոսաշրջային ընկերություններից մեկի տուր մենեջեր Ադելաիդա Հարությունյանը «Մեդիալաբին» ասում է, որ Հայաստան այցելությունները հիմնականում Ռուսաստանից են:

Եվ հատկանշական է, որ ռուս զբոսաշրջիկներն ավելի շատ ցանկություն են հայտնում այցելել Տավուշ, Լոռի, Սյունիք: «Մենք համարյա ամեն օր դեպի Տաթև ու Ջերմուկ տուրեր ենք ունենում, ճիշտ է՝ սահմանին լարվածություն կա, բայց այնպես չէ, որ ասեմ՝ տուրերի պասիվացման վրա ազդել է»,- ասում է Ադելաիդա Հարությունյանը:

Ներգնա տուրիզմի ոլորտում, նրա խոսքով, աստիճանաբար աճ է նկատվում, որը կարող է հասնել 2019-ի տեմպերին․ «Ճիշտ է, դեռ ժամանակ կա, ու շատ աշխատանք կա անելու, օրինակ՝ պրոդուկտների մշակման առումով, բայց հուսով եմ՝ արդեն տարեվերջին մեծ աճ կնկատվի»։ 

Զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը ևս զբոսաշրջության ոլորտում նախորդ ճգնաժամային տարվա համեմատ վերականգնման նշաններ է տեսնում։ 2021-ի առաջին եռամսյակի ցուցանիշները, նրա խոսքով, արդեն զգալի աճել են` ի տարբերություն նախորդ տարվա երեք եռամսյակների ընթացքում գրանցված տվյալների:

«2020-ի առաջին եռամսյակի տվյալների հետ համեմատությամբ՝ այս տարի 72 տոկոսով անկում կա, բայց պետք է հաշվի առնենք, որ 2020-ի առաջին եռամսյակում մենք բնականոն կյանքով էինք ապրում, կորոնավիրուս չկար։ Անցած տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակները միասին՝ զբոսաշրջիկների թիվը 65000-ը չի գերազանցել։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում մենք ունենք 86000-ից ավելի այցելություն»,- նշում է Ապրեսյանը։ Ճիշտ է՝ Սյունիքում վերջին շրջանում սահմանային իրավիճակի սրումը, ըստ նրա, բացասաբար է ազդել զբոսաշրջության ակտիվության վրա, այդուհանդերձ, վերականգնման շունչ կա։ 

Զբոսաշրջային ոլորտի ակտիվացման համար մասնագետն առաջին հերթին անհրաժեշտ է համարում մարքեթինգային ու խթանող քաղաքականության իրականացումը, որի միջոցով հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանի գրավչությունը, փառատոնային մշակույթը և շեշտադրել՝ Հայաստանում անվտանգ է: 

«Պետք է դրա համար հրավիրենք հայտնի մարդկանց, սփյուռքի ներկայացուցչների, օտարերկրացիների, գան, շրջագայեն, և իրենց հետևորդների շրջանում, սոցցանցերում, մեդիայում երևա, որ իրենք էստեղ անվտանգ ու երջանիկ են զգում։ Միջազգային միջոցառումներ կազմակերպենք, բազմաթիվ երկրներից պատվիրակներ հրավիրենք, և լայնորեն լուսաբանվի։ Կարևոր է նաև մեզ մոտ ավանդական փառատոների կազմակերպումը, օրինակ՝ գեղեցիկ կազմակերպված էին գինու օրերը, դրանից առաջ տոլմայի համահայկական փառատոնը, և կային զբոսաշրջիկներ։ Շատ կարևոր է աշխարհին ներկայանալ, որ հայ ժողովուրդը տեղում է, արարում է, շարունակում է ապրել, և սա զարգացման, տնտեսական, զբոսաշրջության վերականգնման, պաշտպանունակության բարձրացման համար կարևոր հզոր գործիքներ են»,- ընդգծում է Մեխակ Ապրեսյանը։

Այս տարվա առաջին եռամսյակի տվյալների համաձայն՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների հնգյակը գլխավորում է Ռուսաստանը, ապա՝ Վրաստանը, Իրանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան։

«Ռուսաստանը հիմնականում եղել է Հայաստան ներգնա այցելությունների շարքում 40-45 տոկոսը, քանի որ այ դրկրի սահմանները կորոնավիրուսից հետո սահմանները բաց էին: Այս իրավիճակում ոչ բոլոր երկրներն են դեռևս բաց: Շատ մեծ հույսով սպասում ենք նաև Եվրոպայի սահմանների բացվելուն»,- ասում է Ապրեսյանը:

Մասնագետի խոսքով՝ ողջունելի է, որ արդեն Վրաստանի հետ ցամաքային սահմանն է բացվել, ինչը Հայաստան-Վրաստան տարածաշրջանային միասնական զբոսաշրջային փաթեթով համաշխարհային շուկային ներկայանալու հնարավորություն կտա: 

«Հեռավոր երկրներից հատկապես ուզում են այցելել տարածաշրջան ու այդ միասնական փաթեթով մի քանի երկիր այցելել, և հիմա այդ հնարավորությունը նույնպես բացվում է, դրանից պետք է օգտվի և՛ վրացական կողմը, և՛ մենք»,- նշում է Ապրեսյանը։

Նախորդ տարվա համեմատ աճել է նաև Հայաստանից դուրս հանգստացողների թիվը։ Հայաստանյան զբոսաշրջային ընկերություններից մեկի արտագնա տուրիզմի բաժնի ղեկավար Աննա Ասատրյանի փոխանցմամբ՝ ամենապահանջվող ուղղություններն են՝ Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները։

«Շենգեն ուղղությունները՝ եվրոպական շենգեն համաձայնության երկրները, փակ են: Այդ ուղղությունները առաջարկ ու պահանջարկ չունեն։ Քաղաքացիները Կիպրոս ու Մոնտենեգրո, Խորվաթիա, Ալբանիա, Մալդիվյան կղզիներ են հարցնում և մեկնում։ Բուլղարիայի ուղղությամբ թռիչքներ կան, բայց քանի որ հիմա Բուլղարիան պահանջում է պարտադիր պատվաստում, հարցումները շատ պասիվ են այդ ուղղությամբ»,- ասում է Ասատրյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am