Ռուսաստանը հայտարարել է, որ ուժեղացրել է Հայաստանից ներմուծվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը և պատրաստվում է ստուգել մի շարք հայկական ձեռնարկություններ։
«Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդմամբ՝ ստուգումները կվերաբերեն այն ընկերություններին, որոնց մատակարարումները նախկինում կասեցվել էին՝ եվրոպական ծագում ունեցող կեղծ ձկնամթերքի ներմուծման կասկածի պատճառով։
Ռուսական վերահսկող մարմինը նշել է, որ ներմուծված ծիածանափայլ կարմրախայտը չի համապատասխանել փաստաթղթերում նշված տեսակին և ունեցել է ոչ բնորոշ չափեր ու քաշ։
«Ռոսսելխոզնադզոր»-ը նաև մտահոգություն է հայտնել Հայաստանից ներմուծվող արտադրանքում արգելված օրգանիզմների հայտնաբերման դեպքերի աճի կապակցությամբ՝ հայտարարելով, որ հայկական կողմը խոստովանել է ապրանքների հետագծելիության և բուսասանիտարական վերահսկողության դժվարությունները։
Վերջին շրջանում հայ-ռուսական ապրանքաշրջանառությունում պարբերաբար խնդիրներ են առաջանում՝ երկու երկրների հարաբերություններում առկա լարվածության ֆոնին, որը կապված է Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման հետ։
Մոսկվան շարունակում է պնդել, որ Երևանի եվրոպական ուղղությունը կարող է ազդեցություն ունենալ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վրա, մինչդեռ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ չի պատրաստվում լքել Եվրասիական տնտեսական միությունը։



















