Քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, Հայաստանում Սահմանադրության փոփոխություններ չպետք է իրականացվեն, սա պետք է լինի կարմիր գիծ. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը

– Պարո՛ն Նորիկյան, նախօրեին Նիկոլ Փաշինյանը, իր գնահատմամբ, գաղափարախոսական ուղերձով դիմեց հանրությանը: Ինչպե՞ս եք գնահատում այն, ո՞րն էր հիմնական ասելիքը:

– Տասը բալանոց գնահատման համակարգի պայմաններում՝ գնահատում եմ զրո, որովհետև այդտեղ բացակայում էր ասելիքը: Նրա թվարկած 14 կետը կարելի է ավելացնել ու հակառակ ռակուրսից նայել. Արցախի Հանրապետությունը կործանել է, արցախահայությունը ենթարկվել է էթնիկ զտման, Հայաստանը երկու անգամ ենթարկվել է Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի, որի հետևանքով կորցրել է շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որոնք մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից, ու գործող իշխանությունը հայտարարում է, որ որևէ կերպ չի պատրաստվում այդ տարածքները դեօկուպացնել: 

Դելիմիտացիայի, դեմարկացիայի անվան տակ անցած տարի Տավուշի մարզում իրականացվեց միակողմանի զիջում, Նիկոլ Փաշինյանի խաղաղության գործընթացը տապալվել է, այդ պայմանագիրը տեսանելի ապագայում էլ չի կնքվելու, ՀՀ արտաքին պարտքը 7 միլիարդ դոլարից դարձել է 13 միլիարդ, Հայաստանի ժողովրդի աղքատության մակարդակը հասնում է 25 տոկոսի, նախընտրական որևէ խոստում իրականություն չի դարձել: Հարկային փոփոխությունները, տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, եկամուտների համընդհանուր հայտարարագրումը սոցիալական դժգոհությունների հիմք են հանդիսացել: 20 թվականից խոստացված սահմանադրական փոփոխությունները տապալված գործընթաց է, պատերազմական հանցագործությունների, մեղավորների ու իրական դրդապատճառները չբացահայտելու հանգամանքը, Մարտի 1-ի կոծկումն ու այդ դատավարությունների տապալումը, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իսպառ վիժեցումը՝ ո՞ր մեկն ասեմ: 114 կետ կարելի է բերել, որպեսզի այդ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պարզ լինի մեր հասարակության համար: 

Ես ուզում եմ արձանագրենք հետևյալը. այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, պարզապես անզորության, անելանելիության ու իր ասելիքը չիմանալու հետևանք է, այդ մարդն այլևս չգիտի՝ ի՛նչ անի, փորձ է անում հիմա էլ հանրության հետ ինչ-որ փիլիսոփայական մտքեր քննարկել: Մենք գործ ունենք սպառված իշխանության հետ: 

– Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին ընդգծեց նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի հերթական ընտրությունները:

– Ենթադրում եմ, որ իրենք փորձ են անելու խորհրդարանական ընտրությունները համատեղել հանրաքվեի հետ, ընդամենը կարող եմ արձանագրել, որ այս պահին Սահմանադրական օրենքով արգելվում է հանրաքվեներ անցկացնել այլ ընտրական գործընթացների հետ: Հետևաբար իրենք պետք է այս օրենքը փոխեն, որպեսզի այդ արգելքը հաղթահարվի: 

Ես խորապես համոզված եմ, ու սա պետք է լինի կարմիր գիծ առաջիկայի համար. քանի դեռ Փաշինյանը վարչապետ է, Հայաստանում Սահմանադրության փոփոխություններ չպետք է կատարվեն, որովհետև սա միայն ներհայաստանյան օրակարգ չէ, որքան էլ իրենք փորձում են հակառակն ապացուցել:

ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջ դրված է նաև մեր թշնամի պետության՝ Ադրբեջանի կողմից, ու Փաշինյանի գլխավորությամբ ցանկացած փոփոխություն Ադրբեջանը դիտարկելու է որպես իր հերթական հաղթանակը՝ անկախ նրանից, թե ինչպիսի բովանդակային փոփոխության է ենթարկվելու ՀՀ Սահմանադրությունը: 

Երկրորդ՝ սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար անհրաժեշտ է 650 հազար մարդու «Այո», Փաշինյանը կորցրել է լեգիտիմությունը, չունի անհրաժեշտ առաջնորդությունն ու քաղաքական խարիզման, որպեսզի կարողանա նման վստահություն ենթադրող սահմանադրական ակտ իրականացնել ու որակապես նոր Մայր օրենք ընդունել: Հայաստանում որակապես նոր Սահմանադրություն պետք է ընդունել միայն նոր իշխանության օրոք՝ առանց այս իշխանությունների:

– Պարո՛ն Նորիկյան, այնուամենայնիվ, Փաշինյանին կհաջողվի՞ նոր Սահմանադրությունը ընդունել:

– Ես բացառում եմ, որ ազնիվ ու արդար գործընթացի միջոցով դա հնարավոր կլինի: Եթե նա նման բան է ուզում անել, ապա թող քաղաքական համարձակություն դրսևորի ու միաժամանակ դնի նաև իր իշխանության վստահության հարցը, որ հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չանցնելու դեպքում ինքը պետք է հրաժարական ներկայացնի ու հեռանա իշխանությունից: Թող սա անի, եթե այդքան համարձակ ու վստահ է, որ իր ներկայացրած նախագիծը ստանալու է համապատասխան ձայն:

– Կարծում եք, որ չունի՞ այդ վստահությունը:

– Համոզված եմ, որ չունի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am