ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Բահրեյնում Պարսից ծոցի արաբական երկրների արտգործնախարարների և պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Իրանի հետ հնարավոր ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի տարածաշրջանային դաշնակիցների շահերը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։
Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը ձգտում է Իրանի հետ հասնել երկարաժամկետ խաղաղության, որը չի վնասի ԱՄՆ դաշնակիցների անվտանգությանը և բարեկեցությանը։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցը դիտարկում է որպես միջազգային նավագնացության ուղի և անընդունելի է համարում Իրանի կողմից այնտեղով անցնող նավերից վճարներ գանձելու հնարավորությունը։
«Երկրագնդի վրա որևէ երկիր իրավունք չունի վճար գանձել միջազգային ջրային ուղիների օգտագործման համար, և դա երբեք չի կարող լինել որևէ համաձայնագրի ընդունելի պայման», – հայտարարել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հույս ունի Իրանի հետ կառուցողական երկխոսության և փոխշահավետ պայմանավորվածությունների՝ արաբական երկրների աջակցությամբ։
Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնը չի ձգտում համաձայնության «ցանկացած գնով», այլ ցանկանում է հասնել հստակ, իրական և գործնականում կիրառելի պայմանավորվածության, որը կհարգվի բոլոր կողմերի կողմից։
Պարսից ծոցի տարածաշրջան կատարած այցի ընթացքում նա նաև փորձել է հավաստիացնել գործընկերներին, որ Իրանի հետ հնարավոր գործարքը չի վտանգի ԱՄՆ ավանդական դաշնակիցների շահերը։



















