«Նա ձեռքիցս սահեց». մայրը պատմել է Կիպրոսի ափերի մոտ լաստանավի աղետի ժամանակ երեխաներին կորցնելու մասին

Կիպրոսի հյուսիսային ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, 20-ը համարվում է անհետ կորած։ Անհետ կորածների թվում երեխաներ կան։ 267 ուղևորներից և անձնակազմի անդամներից 241-ին հաջողվել է փրկել։

The Independent-ը ներկայացրել է աղետից փրկված Այթեն Բիչերի պատմությունը, որի երեք երեխաներից երկուսը՝ 12-ամյա դուստրը՝ Միրայը, և 6-ամյա որդին՝ Մեհմեթ Ասաֆը, անհետ կորածների թվում են։

Լաստանավի շրջվելու պահին մայրը փորձել է պահել դստերը։

«Նա ասում էր՝ «Բաց մի՛ թող ինձ»։ Ես բաց չէի թողնում աղջկաս։ Երդվում եմ՝ բաց չէի թողնում նրան»,- արտասվելով պատմել է Բիչերը։

Այդ պահին կնոջ վրա ճամպրուկ է ընկել, և աղջիկը դուրս է սահել նրա ձեռքից։ Մայրը հասցրել է բռնել դստեր ոտքից, սակայն շրջված լաստանավից արտահոսած յուղի պատճառով աղջկա կոշիկները սահել են նրա ձեռքերի միջով։

«Ամեն ինչ յուղի պես սահում էր, դիզելային վառելիք կար, մեր ոտքերը սահում էին։ Ամենուր սայթաքուն էր։ Նա ձեռքիցս սահեց»,- պատմել է կինը։

Բիչերի 6-ամյա որդին՝ Մեհմեթ Ասաֆը, այդ ընթացքում կառչել է հորից՝ կանչելով՝ «Պապա»։ Ընտանիքի երրորդ երեխան փրկվել է։

Երեխաների հայրը՝ Հայրի Բիչերը, պատմել է, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել։

«Մենք ոչինչ չկարողացանք անել։ Կորցրինք մեր երեխաներին։ Շատ փորձեցինք, բայց չկարողացանք փրկել նրանց։ Իմ երեք երեխաներից երկուսը չկան։ Որդիներիցս մեկը ողջ է»,- ասել է նա։

Աղետը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին։ 267 մարդ տեղափոխող երկկորպուսանի լաստանավը Կիրենիայից ուղևորվում էր Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուջու նավահանգիստ։ Մեկնելուց կարճ ժամանակ անց նավը սկսել է ջուր լցվել և շրջվել։

Փրկվածների վկայությամբ՝ մինչ աղետը լաստանավը ուժգին տատանվել է, բարձրացել ջրի մակերևույթից և կրկին ուժեղ հարվածել ջրին։ Հարվածներից մեկի ժամանակ վնասվել է նավի առջևի հատվածը, ինչից հետո ջուրը սկսել է ներթափանցել ներս։

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են փրկաբաճկոններով մարդիկ կառչած մնացել շրջված լաստանավի կորպուսից՝ սպասելով օգնության։ Նրանց փրկել են առափնյա պահպանության և մոտակայքում գտնվող այլ նավերը։

Լաստանավն ավելի ուշ ամբողջությամբ խորտակվել է և այժմ գտնվում է մոտ 500 մետր խորության վրա՝ ափից շուրջ չորս ծովային մղոն հեռավորության վրա։

Սեպտեմբերի 1-ին որոնողական աշխատանքներին միացել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հատուկ փրկարարական նավը՝ հեռակառավարվող ստորջրյա սարքով։ Նախատեսվում է գտնել խորտակված նավը և այդ խորության վրա շարունակել անհետ կորածների որոնումները։

Դեռ պարզ չէ՝ արդյոք լաստանավի շրջվելուց հետո ներսում մարդիկ են մնացել։ Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերը վկայում են, որ աղետի պահին նավի հատվածներից մեկում մարդիկ կարող էին փակված լինել։

Աղետի պատճառները քննվում են։ Իշխանությունների տվյալներով՝ լաստանավն ունեցել է ծովագնացության պիտանիության գործող վկայական։ Նավի շահագործման հետ առնչություն ունեցող ինը անձ կալանավորվել է՝ քննությանը աջակցելու նպատակով։

Աղետից մեկ օր առաջ Կիպրոսում ուժեղ փոթորիկ էր եղել։ Թեև օգոստոսի 30-ին եղանակային պայմանները նավարկության համար թույլատրելի են համարվել, ծովը դեռ անհանգիստ է եղել։

Կիրենիայի նավահանգստում անհետ կորածների հարազատները շարունակում են սպասել որոնողական աշխատանքների արդյունքներին։