Կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու՝ հինգուկես տարվա վաղեմությամբ գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդին տարիներ առաջ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Այսպես` քննությամբ պարզվել է, որ 2014թ. հունիսի 1-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի՝ 1992 թվականին ծնված բնակիչ Վ.Ա.-ի և նույն վարչական շրջանի բնակիչ մեկ այլ՝ 1992թ. ծնված երիտասարդի միջև շենքերից մեկի բակում, դիտողություն անելու շուրջ, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս ոտքով հարվածել է Վ.Ա.-ի որովայնին ու հայհոյել:

Նույն պահին տուժողը զանգահարել ու կանչել է հորը և եղբորը, իսկ 22-ամյա երիտասարդը, տեղեկանալով, որ կատարվածի վերաբերյալ նա հայտնել է ընտանիքի անդամներին ու նրանց կանչել, ընկերների հետ հետևել է նրան՝ միջանձնային հարաբերությունները պարզելու նպատակով:

Արդյունքում պարզաբանումը  վերաճել է վիճաբանության, ինչի ընթացքում 22-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վ.Ա.-ի որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս՝ ներքին արյունահոսությամբ զուգորդված, մեծ ճարպոնի արտանկումով, փայծաղի, հաստ աղիքի, ստամոքսի, լյարդի վնասումներով որովայնի ձախ կողմնային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: