ԵԱՏՄ անդամ երկրները վետոյի իրավունքից կհրաժարվե՞ն առանց հանրային քննարկման

Հեղինակ MediaLab

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը վերջերս հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանցով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ։

«Որովհետեւ եթե ազգային կառավարությունը պահպանում է վետոյի իրավունքը, ապա դա նրան թույլ է տալիս պահպանել իր ազգային ինքնիշխանությունը: Բայց, մյուս կողմից, եթե մենք ցանկանում ենք մեր միությունը խորացնել, ակնհայտ է՝ բոլորը համաձայն են, որ կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին»,- հայտարարել էր նա, ապա հույս հայտնել, որ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին կողմերին կհաջողվի այս հարցում համաձայնության գալ։

 Վետոյի իրավունքը ԵԱՏՄ-ում

Վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարման առաջարկը Բելառուսինն է։ Այդ մասին Բելառուսի տնտեսության նախարարը հայտարարել էր դեռևս 2019 թվականի մայիսին։ Ըստ Բելառուսի՝ պատճառն այն է, որ 2014-19 թվականների ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրները յոթ անգամ կիրառել են իրենց վետոյի իրավունքը։ Ընդ որում՝ այդ իրավունքը երեք անգամ կիրառել է Ռուսաստանը, երկու անգամ՝ Բելառուսը և երկու անգամ էլ՝ Ղազախստանը։ Հայաստանը երբևէ այդ իրավունքը չի կիրառել։  

ԵԱՏՄ և ԵՄ

Կասկած չկա, որ որևէ վերազգային կառույցի ստեղծում ենթադրում է, որ անդամ պետությունները որոշակի գործառույթներից պետք է հրաժարվեն՝ հօգուտ այդ վերազգային մարմնի։ Այդուհանդերձ, այդ հրաժարման մեխանիզմներն ու կառուցվածքը կարևոր նշանակություն ունեն բոլոր անդամ երկրների իրավահավասարության համար։ Ընդ որում՝ մինչ օրս վերազգային կառույցի ամենահաջող օրինակը Եվրոպական Միությունն է, որի կազմում հայտնված բոլոր պետություններն անխտիր գրանցել են աննախադեպ տնտեսական աճ։

ԵԱՏՄ-ից շուրջ 65 տարի ավելի վաղ ստեղծված Եվրոպական միության փորձը ցույց է տալիս, որ բարեհաջող կերպով վետոյի իրավունքից հրաժարվելը չի կարող տեղի ունենալ մի գիշերում և առանց անդամ երկրներում լայնածավալ հանրային քննարկումների իրականացման, քանի որ այն կարող է հանգեցնել անդամ երկրների իրավունքների անհամաչափության և անգամ խախտումների ու դրանցից բխող ներքին դժգոհությունների։ Որպես օրինակ՝ Եվրոպական Միության կողմից մաքսային և տնտեսական քաղաքականության հարցերում ազգային պետությունների համեմատ գերակա դիրքը ձևավորվել է տասնամյակներ շարունակ՝ մի շարք պայմանագրերի շնորհիվ։ Ընդ որում՝ այս բոլոր պայմանագրերը վավերացվել են անդամ երկրների կողմից՝ ներպետական ընթացակարգերով, իսկ որոշ դեպքերում էլ՝ հանրաքվեների միջոցով։

Այդուհանդերձ, այսօր էլ ԵՄ բնակչության մի ստվար հատված դեմ է ազգային կառավարությունների գործառույթները վերազգային մարմնին հանձնելուն։ ԵՄ անդամ երկրներում վերազգային մարմնի իրավասությունների ընդլայնումից առկա դժգոհությունն էր, որ թույլ տվեց բրիտանացի եվրասկեպտիկներին մանիպուլացնել հանրային կարծիքը և դուրս բերել Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից։ Անգամ ԵՄ երկարաժամկետ ու զգուշավոր ինտեգրացիոն գործընթացը միշտ չէ, որ սահուն է անցնում, քանի որ ազգային գործառույթների հանձնումը վերազգային մարմնին այնքան էլ միանշանակ չէ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ԵԱՏՄ վետոյի իրավունքի շուրջ քննարկումների գաղտնիությունը և դրանց մասին հանրային իրազեկվածության պակասը, թերևս այս անգամ էլ ԵԱՏՄ-ն գաղտնի կերպով և արագ ընթացակարգով կկայացնի որոշում, որի հետևանքներն անդամ երկրների քաղաքացիները բավականաչափ ուշ կզգան։

Լուրջ փոփոխություննե՞ր ԵԱՏՄ-ում

Ուշագրավ է նաև, որ վետոյի իրավունքի վերաբերյալ հայտարարությունը ԵԱՏՄ-ում փոփոխությունների մասին միակ ազդանշանը չէր։ Տիգրան Սարգսյանը վետոյի իրավունքի մասին իր հայտարարությունն արել էր հունվարի 31-ին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։ Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի՝ նիստի ընթացքում անդամ երկրների վարչապետները քննարկել էին ԵԱՏՄ ֆունկցիոնալության հետագա բարձրացմանը, կազմակերպության իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

Փետրվարի երեքին էլ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնեց, որ Ռուսաստանը և ԵԱՏՄ երկրները ամենշաբաթյա ձևաչափով կիրականացնեն Միության զարգացման հնգամյա ռազմավարության նախապատրաստման աշխատանքները: «Կարեւոր փաստաթուղթ է նախապատրաստվում, որը կորոշի Միության զարգացման ռազմավարությունն առաջիկա 5 տարվա համար: Կան շատ հարցեր, թե ինչ տեսք պետք է ունենա ռազմավարությունը»,- ասել է Միշուստինը փոխվարչապետների հետ հանդիպման ժամանակ։ Թե ի՞նչ են պարունակելու այս հնգամյա պլանները՝ դեռևս պարզ չէ, սակայն հաշվի առնելով ԽՍՀՄ հնգամյա պլանների բացասական փորձը՝ թերևս արժե ուշադիր հետևել ԵԱՏՄ հետագա առաջարկներին։

Վիկտորյա Անդրեասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»