Գումարի դիմաց մահացածներին COVID19-ի վարակակիր ներկայացնելու կեղծ լուրը տարածվել է նաև Ռուսաստանում

Տեղեկատվության ստուգման կենտրոն – Երեկ ֆեյսբուքի հայկական տիրույթում տեղեկություն շրջանառվեց, թե Հայաստանում ինֆարկտից մահացած անձի հարազատներին դիահերձրանում առաջարկել են 100 000 դրամ՝ անձի մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանք գրանցելու համար։ Նշվում էր, որ անկախ հարազատների որոշումից, մահը գրանցվել է իբրև կորոնավիրուսի հետևանք։ Ըստ նույն տեղեկության՝ Առողջապահության նախարարությունից հրահանգ կա՝ բոլոր ջերմողներին գրանցել որպես COVID19-ի վարակակիր։

Կարճ ժամանակ անց այս լուրը տեղ գտավ հայկական լրատվականների էջերում։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող լուրերը իրականության հետ որևէ առնչություն չունեն։

Պետք է նշել, որ ԱՆ-ի սահմանած չափորոշիչների համաձայն՝ միայն ջերմության առկայությունը հիմք չէ անձին ռիսկային խումբ համարելու և թեստավորելու համար։ Նախկինում արդեն նշել ենք՝ թեստավորում իրականացվում է այն պացիենտների շրջանում, որոնք ունեն հիվանդությանը բնորոշ ախտանշաններ (բարձր ջերմություն, հազ, շնչառության դժվարացում) կամ սերտ շփում են ունեցել հաստատված դրական դեպքի հետ։

Հավելենք, որ նույնաբովանդակ կեղծ լուր տարածվել էր նաև ռուսական մեդիադաշտում։ Նշվում էր, թե հրահանգ է իջեցվել այս շրջանում մահացողների հարազատներին մեծ գումարներ առաջարկել՝ մահերը կորոնավիրուսի հետևանք գրանցելու համար։ Ստավրոպոլի քաղաքապետ Վլադիմիր Վլադիմիրովը, անդրադառնալով այս լուրերին, հերքել է դրանք։