Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողներն ու շտապօգնության աշխատակիցները ստանում են պարգևավճարներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի բուժմամբ զբաղվող բուժաշխատողները ստացել և շարունակում են ստանալ պարգևավճարներ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այն բուժաշխատողները, որոնք ներգրավված են եղել կորոնավիրուսով հիվանդների բուժման գործընթացում, այս ընթացքում ստացել են և ստանալու են պարգևավճարներ»,- ասաց նախարարի մամուլի խոսնակը։ 

Նա նշեց, որ պարգևավճարներ ստանում են նաև Շտապօգնություն ծառայության աշխատակիցները։

«Մենք տարանջատում ենք «Շտապօգնության» աշխատակիցների պարգևավճարները, քանի որ այն գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ոչ թե նախարարության։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք նույնպես ներգրավված են եղել այս աշխատանքներին, այդ պատճառով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից նախատեսվում է պարգևատրում շտապօգնության աշխատակիցներին, ինչպես նախորդող, այնպես էլ մայիս ամսվա համար»,- ասաց Նիկողոսյանը։