Լիբանանը քաղաքական առումով ապամեկուսացվում է․ Շահան Գանտահարյան

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո հումանիտար օժանդակությունների միջազգային հոսքին առընթեր սկսվել են գերտերությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցերը Լիբանան։  «Արմենպրես»ի հետ  զրույցում Լիբանանի «Ազդակ»  օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի, ապա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցերը նախանշում են Լիբանանի քաղաքական ապամեկուսացումը:

«Օրակարգը թվում է, թե առաջնային կարգով  նոր կառավարության կազմությունն է և դրան ընդառաջ վարչապետի թեկնածության շուրջ միջազգային համախոհություն գոյացնելը։ Փարիզը փորձում է նկատելի վերադարձ կատարել  պատմականորեն մոտիկ անցյալին իր հոգատարության տակ հայտնված երկիր և փորձել ազդեցիկ դեր վերստանձնել՝ համակողմանի բանակցություններ վարելով լիբանանյան հանգուցալուծումների համար»,-նշեց Շահան Գանտահարյանը։ 

Նա նկատեց, որ ճիշտ այստեղ  երևում է Փարիզ-Անկարա մրցակցությունը։ Նրա խոսքով՝ Միջերկրական ծովում Փարիզն ամրապնդում է իր ներկայությունն՝ ավելացնելով իր ծովուժը, այն  համակարգելով Հունաստանի հետ։ Դա արդեն պարզ զորակցություն է Հունաստանին՝ թուրքական ագրեսիայի դեմ։  Ըստ  Շահան Գանտահարյանի՝ Լիբանանում Թուրքիայի ազդեցության սահմանափակման գործողությունները կարող են ստանալ համաևրոպական տարողություն, իսկ այս գործում  Փարիզն առաջատար դիրք է զբաղեցնում։