Վարչապետն այցելել է Սյունիքի մարզի Ծղուկ և Անգեղակոթ համայնքներ. Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ համայնքներում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր:

Ծղուկ համայնքում վարչապետը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները, որոնք վերաբերում են անասնապահությանը՝ արոտավայրերին, մսի և կաթի մթերմանը, համայնքում նոր մանկապարտեզի կառուցմանը: Նիկոլ Փաշինյանը նշված հարցերի հետ կապված հանձնարարականներ է տվել նախարար Սուրեն Պապիկյանին և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ խնդիրների լուծման ուղղությամբ հստակ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ համայնքում մանկապարտեզ կառուցելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ համայնք, որտեղ կարճատև հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգման հարցը: Մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են ճանապարհի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք իրականացվելու են կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:

Վարչապետը բնակիչներին տեղեկացրել է, որ այստեղից աշխատանքային այցող ուղևորվում է Արցախի Հանրապետություն և խոստացել որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։

Աշխատանքային այցով ժամանել եմ Սյունիքի մարզ։ Ծղուկ համայնք՝ հանդիպում բնակիչների հետ։

Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում հանդիպեցի բնակիչների հետ, ինչպես ավելի վաղ խոստացել էի:Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրաձրեցին արոտավայրերի, մսի եւ կաթի մթերման հետ կապված խնդիրներ, որոնց առնչությամբ կոնկրետ հանձնարարականներ տվեցի պատասխանատուներին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, August 28, 2020