1 մետր 23 սմ հասակ և 40 կգ քաշ ունեցող Գոռ Մարգարյանն ընտանիքում միակ կարճահասակն է և ասում է, որ այդ պատճառով մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում է:
«Ապրում եմ պապայիս ու եղբորս հետ, մայրիկս Ռուսաստանում է: Ես իմ կարճ հասակով քեռուս եմ քաշել, մեկ էլ ինքն է ինձ նման կարճահասակ: Իսկ հայրս, մայրս ու եղբայրս բարձրահասակ են»,- ասում է Գոռը:
Պատմում է, որ օրը սկսում է հարևանուհիների հետ սուրճ խմելով, զվարճալի պատմություններ, անեկդոտներ պատմելով: Այնուհետև իջնում է բակ, մի փոքր զրույցի բռնվում բակի երեխաների հետ ու ժամը 11-ին հասնում աշխատավայր:
28-ամյա Գոռը աշխատում է Երևանի մանկական ժամանցի կենտրոններից մեկում՝ որպես դռնապան: Արդեն 9 տարի է, ինչ աշխատում է սպասարկման ոլորտում՝ տարբեր ռեստորաններում ու սրճարաններում:
«Շատ ռեստորաններում եմ աշխատել, հիմնականում` դռնապան: Նույնիսկ «Լիմուզին սերվիսում» եմ աշխատել, որ հարսանիքներ էին լինում` բարմեն, մատուցող էի աշխատում, սպասարկում: Մի քանի անգամ նկարահանվել եմ նաև ֆիլմերում, թաքնված տեսախցիկներում»,- ասում է Գոռը:
Արագաշարժ, կենսախինդ ու զվարթ փոքրիկ մարդն ունի իր աշխարհը, իր ուրախություններն ու հոգսերը:
«Հասակիս պատճառով մարդիկ նայում են, զարմանում, բայց դա հեչ, ինձ շատ է դուր գալիս, որ ուշադրության կենտրոնում եմ լինում: Մարդկանց արձագանքները հիմնականում շատ լավ են»,- ասում է նա:
Նա մեծ մասամբ հանրային տրանսպորտից օգտվելիս է դժվարություններ ունենում, իսկ երբեմն էլ` զվարճալի պատմությունների մեջ ընկնում:
«Լինում է` դուռը ներսից են բացում, կամ խնդրում եմ կողքիս կանգնած մարդկանց` բացում են: Օրինակ՝ շատ է եղել տրանսպորտի մեջ, որ նստած եմ եղել, ու կողքիս աղջիկ է նստել, միամիտ տեսել ա, որ ոտքերս կարճ են ու, դե, չեն կպնում գետնին, ահավոր շատ զարմացել ա»,- ծիծաղելով պատմում է Գոռը:
Տանը նույնպես հարմարություններ չկան հատուկ իր համար, բայց փոքրիկ մարդուկն ուրախությամբ է նշում, որ կարողանում է ամեն ինչից ինքնուրույն օգտվել:
«Ես կարողանում եմ հարմարվել, դժվարություններ չկան: Որ տանը մենակ եմ լինում, ինձ համար ձվածեղ եմ շատ լավ սարքում, պատրաստի կոտլետներ եմ առնում, տապակում, ուտում»,- ասում է Գոռը և հավելում, որ տանը միայն ինքն է աշխատում:
Դպրոցում սովորել է մինչև 7-րդ դասարանը, իսկ հետո չի ցանկացել մասնագիտական կրթություն ստանալ, թեև ասում է` դպրոցում լավ է սովորել:
«Երեխաների համար մի քիչ անսովոր եմ եղել դասարանում, երբ իմ հասակակիցները բոյովացել են, ես մնացել եմ կարճահասակ: Բայց, դե, նրանց հասկացրել են, որ ես այդպիսին եմ, ես էլ նորմալ եմ ընդունել իմ կարճ հասակը, քանի որ ծնողներս ինձ փոքրուց բացատրել են, որ ես բոյով չեմ լինելու»:
Աշխատավայրում Գոռին տեսնելիս բոլորը ժպտում են, կատակներ անում, ուրախանում, իսկ հաճախ միասին ակումբներ գնում զվարճանալու:
«Շատ եմ հաճախում ակումբներ, շատ եմ սիրում պարել, հատկապես՝ արաբական: Օրինակ՝ հաճախ, որ գնում եմ ակումբներ պարելու, մարդկանց ռեակցիան այնպիսին է, որ զարմանում են, թե ես` էդ բոյի, էս տիպի, ո՞նց եմ տենց լավ պարում»,- ծիծաղում է ակտիվ կյանքի սիրահար Գոռը:
Գոռը, իր կենցաղային կյանքին անդրադառնալով, պատմում է, որ հագուստ ընտրելիս տաբատները միշտ կարճացնում է, կոշիկները գնում է մանկական բաժնից, իսկ վերնաշապիկները, անդրավարտիքներն ու ձմեռային, աշնանային վերարկուները՝ 16-17 տարեկանների համար նախատեսված բաժնից:
Նա նշում է, որ ունի թե տղա և թե աղջիկ ընկերներ ու ավելի շատ շփվում է բարձրահասակների, քան իր նման կարճահասակ մարդկանց հետ:
«Բայց կան ջահել տղաներ, որ ինձ բացասական են վերաբերվում, ես նրանց հետ ո´չ շփվում եմ, ո´չ էլ բանի տեղ եմ դնում: Դրանք այն տղաներն են, որ անբան-անգործ ման են գալիս, ընդունակ չեն ոչ մի բանի ու շատ են ինձ ասում, թե ո՞նց ա`քո հետ աղջիկները տենց շփվում են, մեզ հետ չեն շփվում, ո՞նց ա` դու աշխատում ես, մենք չենք աշխատում: Ա´յ տենց տղաներն են նման բաներ ասում, իսկ աղջիկներն ինձ հետ շատ լավ են, երբեք նման կերպ չեն վերաբերվի»,- ասում է Գոռը:
Ազատ ժամանակ Գոռը սիրում է նաև ընթերցանությամբ զբաղվել, ինչպես ինքն է ասում` զարգանալ:
«Շատ եմ սիրում նաև սերիալներ նայել, հնդկական կինոներ ու սարսափ ֆիլմեր»,- ծիծաղում է Գոռը:
Խոսակցության վերջում նա ավելի է անկեղծանում, ընկնում երազանքների գիրկն ու նշում, որ կուզեր` մարդիկ ավելի անկեղծ ու բարի լինեին, կյանքը` ավելի բարեկեցիկ:
Նա նշում է, որ սոցիալական խնդիրներից է շատ մտահոգվում և ցանկություն ունի Հայաստանից արտագաղթելու:
«Եթե աշխատավարձերը մի քիչ լավ լինեին, մարդիկ լավ ապրեին, ինձ թվում ա` մտածելու բան չէի ունենա: Իմ աշխատավարձը օրական 3000 դրամ է, ու ես էդ քիչ եմ համարում: Տունը ես եմ պահում, ու շատ դժվար է այդպես ապրել: Դրա համար մտածում եմ արտասահման գնամ ապրեմ, աշխատեմ»,- տխրում է փոքրիկ մարդը:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am