Սպանություններ, խոշտանգումներ, անարգանք. Ըստ փորձագետների` Ադրբեջանի դեմ բոլոր ապացույցները կան, մնում է` պետությունը գործի

Սպանություններ, խոշտանգումներ, անարգանք.  Ըստ փորձագետների` Ադրբեջանի դեմ բոլոր ապացույցները կան, մնում է` պետությունը գործի
Սպանություններ, խոշտանգումներ, անարգանք. Ըստ փորձագետների` Ադրբեջանի դեմ բոլոր ապացույցները կան, մնում է` պետությունը գործի

Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Ադրբեջանի   նախահարձակ գործողություններն ագրեսիայի ակտ են, իսկ քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ կիրառված բարբարոսությունները` ռազմական հանցագործություն: Մասնագետները համոզված են` հայկական կողմը պետք է ջանքեր գործադրի եւ Ադրբեջանին կանգնեցնի միջազգային արդարադատության առջեւ:

Թեև  Հայաստանն ու Ադրբեջանը չեն անդամակցում Միջազգային քրեական դատարանին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան պատգամավոր Էդմոն Մարուքյանի կարծիքով, դա Ադրբեջանին այդ դատարանի առջեւ կանգնեցնելու խոչընդոտ չէ:  Գոյություն ունի ընթացակարգ, որի շրջանակում կարելի է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որն էլ իր հերթին կարող է դիմել Միջազգային քրեական դատարան:   

«Խախտվել են թե միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, թե պատերազմի վարման կանոնները, որը Ադրբեջանի միջազգային պարտականությունների մեջ է մտնում: Այս ամենը պետք է հիմնավոր ու փաստաթղթավորված ներկայացնել համապատասխան ատյաններում»,- «Մեդիալաբին» ասում է Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ:

Ադրբեջանը կիրառել է սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի և օդուժ: Խաղաղ բնակչության դեմ  Ադրբեջանն օգտագործել է միջազգային կոնվենցիանորով արգելված զինատեսակներ, մասնավորապես` գրադ կայանք:

ԼՂՀ  ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է  2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: 

Բացի այս, Ադրբեջանական  դիվերսիոն հետախուզական զորամիավորումները Թալիշ գյուղում գնդակահարել են Թալիշի բնակիչ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաեւ Վալերա Խալափյանի մորը` 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին:   Հավելենք, նաեւ որ ադրբեջանական կողմը խոշտանգել ու անարգել է նաեւ զոհված հայ զինծառայողների մարմինները:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվեց  զոհվածների մարմինների փոխանակում։ 

Հայկական կողմին  վերադարձվեց 18 զոհված զինծառայողի մարմին: Փոխանակումից հետո ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը,  հայտարարություն տարարծեց, որտեղ նշվում էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված բոլոր զոհվածների մարմինները ենթարկված են եղել խոշտանգման ու անարգանքի։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը գլխատել է  քսանամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանին:  Զոհված զինծառայողների մարմինների փոխանակումից հետո պարզ դարձավ, որ գլխատված են եղել նաեւ ԼՂՀ Պաշտպանական բանակի զինվորներ, 31–ամյա մայոր  Հայկ Թորոյանը եւ 69–ամյա պայմանագրային  Հրանտ Ղարիբյանը:

Նշենք, որ ԼՂՀ դատախազությունում Ադրբեջանի գործողությունների  կապակցությամբ  քրեական գործեր են հարուցել:

Էդմոն Մարուքյանի խոսքով, միայն այս փաստերը բավական են Ադրբեջանին պատասխանատվության կանչելու գործընթաց սկսելու համար, ինչը պետք է արվի պետական մակարդակով:

«ՄԱԿ-ի կանոնադրությունից սկսած Ժնեւյան կոնվենցիաներով եւ ՄԻ ոլորտում Ադրբեջանի ստանձնած պարտականություններով վերջացրած, բոլոր նորմերը խախտված են: Մենք երեք ուղղություններով` ագրեսիայի ակտի, ռազմական հանցագործությունների եւ մարդու իրավունքների զանգվածային խախտումների ուղղություններով կարող ենք գործեր սկսել, բոլոր ապացույցները կան»,-շեշտում է պատգամավորը` հավելելով, որ իրենց գործը այս խնդիրը լոբբինգ անելն ու հնարավոր ուղիները ցույց տալն է, բայց քայլը պետք է կատարի գործադիր իշխանությունը :

Ըստ Մարուքյանի, նույնիսկ, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն միջազգային դատարան չդիմի, այդ քննարկումն ինքնին լուրջ հարված կլինի Ադրբեջանին, որովհետեւ պաշտոնապես դիմելու պարագայում ՄԱԿ-ի ԱԽ-ն  պարտավոր է հարցը  քննարկել: «Պատկերացրեք, եթե Անվտանգության խորհուրդը այդ հարցը քննարկի, ինչ հնչեղություն կլինի, կունենանք  դիվանագիտական մեծ արձագանք, ինչը կազդի միջազգային կարծիքի վրա, որ այդ պետությունը ահաբեկչական գործելաոճ որդեգրած իշխանություն ունի եւ տարածաշրջանում անվտանգության խոչընդոտ է », -«Մեդիալաբին» ասում է   Էդմոն Մարուքյանը:

Փաստաբան Նիկոլայյ Բաղդասարյանը նույնպես կարծում է, որ Ադրբեջանի գործողությունները պարունակում են Միջազգային քրեական դատարանի իրավասությանը ենթակա իրավախախտումներ` թե` ագրեսիայի հանցագործության, թե պատերազմական հանցագործությունների:

Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որպես քաղաքացի շատ կցանկանար տեսնել, որ մեր պետությունը Միջազգային քրեական դատարանում Ադրբեջանի դեմ գործ է հարուցում Միջազգային քրեական դատարանում: 

«Եթե մենք Իսրայելը լինեինք, ես վստահ կլինեի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն վարույթ հարուցելու պահանջով կդիմի Միջազգային քրեական դատարանի դատախազին, բայց սա մի փոքր քաղաքական խնդիր է, որքանով մեր պետությունը կկարողանա այդ հարցը բարձրացնել եւ հաջողության հասնել: Միջազգային ատյաններում էլ,  մեծ հաշվով,  քաղաքականությունը տեղ ունի»,-ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:

Մասնագետները կարծում  են, որ Հայաստանը պետք է օգտագործի բոլոր միջոցները` նաեւ  Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական հայցերով դիմելու հնարավորությունը:

Նիկոլայ  Բաղդասարյանի խոսքով, ՄԻԵԴ-ում անհատական բողոքներ կարող են ներկայացվել  կյանքի իրավունքի խախտման փաստով:

«Կյանքի իրավունքի խախտման փաստն արձանագրելիս, տուժածների հարազատները կարող են փոխհատուցում ստանալ: ՄԻԵԴ դեպքում մենք նախադեպային որոշումներ ունենք, որտեղ ասվում է, որ Ադրբեջանը կարող է պատասխանատվություն կրել ԼՂՀ տարածքում կատարված գործողությունների համար»,-«Մեդիալաբին» ասում է Նիկոլայ Բաղդասարյանը:

ՄԻԵԴ-ում  Հայաստանը յուրաքանչյուր գործով կարող է ներգրավվել որպես երրորդ կողմ:   

«Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ պատրաստ են այդ գործերը ներկայացնել, այդ թվում եւ մեր կազմակրեպությունը` Ռազմավարական դատավարությունների կենտրոնը»,-նշում է Էդմոն Մարուքյանը:  

Ի դեպ, ՄԻԵԴ-ում այժմ քննվում է ադրբեջանական  գերության մեջ հայտնված Արթուր Բադալյանի գործն ընդդեմ Ադրբեջանի: Գործն արդեն  կոմունիկացված է:

Լուսանկարում` Թալիշում սպանված եւ խոշտանգված 92-ամյա Մարուսյա Խալափյանը:

Անի Սայադյան

© Medialab.am