Հանձնաժողովը քննարկել է դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակի հայեցակարգը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով սեպտեմբերի 4-ին անցկացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օրակարգի համաձայն, հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։

Ընդհանուր դրույթներով անդրադարձ է կատարվել ՀՀ դատախազության կարգավիճակի սահմանադրական հիմքերի բարեփոխումներին (դատախազության անկախության մասին դրույթի սահմանադրական ամրագրում, դատախազության գործառույթների (լիազորությունների) համակարգի վերափոխում, հստակեցում և այլն), ինչպես նաև քննչական մարմինների կարգավիճակի բերափոխումներին (քննչական մարմինների՝ որպես առանձին մարմնի մասին սահմանադրական կարգավորման վերանայում, քննության գործառույթից կիսադատական տարրի առանձնացում և քննչական մարմինների գործադիր բնույթի (ապացույցների հավաքման) գործառույթների հստակեցում և այլն):

Զեկույցից հետո հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները, փաստարկներն ու հակափաստարկները: