«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը «Markos toys»-ի հիմնադիր Սևակ Մարկոսյանն է

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին արժանացավ փայտյա խաղալիքների արտադրությամբ զբաղվող «Markos toys» ընկերության հիմնադիր Սեւակ Մարկոսյանը։ Նրան մրցանակը հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իհարկե, մեր հաղորդաշարի հերոսները՝ բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Եվ կարծում եմ՝ այդ առանձնահատկությունը հետևյալն է. մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Ընդ որում՝ իր կյանքը փոխելու անհրաժեշտություն, մեզ հայտնի պատճառներ չի ունեցել: Ունեցել է աշխատանք, ընդ որում, բավականին երկար աշխատել է բանկային համակարգում, այնուհետև աշխատել է պետական կառավարման համակարգում, բայց, ի վերջո, որոշել է գնալ ոչ թե սովորական պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ որոշել է գնալ ստեղծագործական հաճույքի, ստեղծագործական վայելումի և ստեղծագործական երջանկության հետևից և գնացել է ու որոշել ստեղծել խաղալիքներ երեխաների համար:

Գնացել և որոշել է ստեղծել այնպիսի խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի կառուցել, նրանց կսովորեցնի ստեղծել, նրանց կսովորեցնի արարել: Եվ ուրեմն՝ մեր գլխավոր մրցանակակրի անունն է Սևակ Մարկոսյան»,- մրցանակը մրցույթի հերոսին հանձնելիս ասաց վարչապետը