ՌԴ ԱԻՆ-ի առաջարկով Արցախում կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով՝ գույքագրելու վնասները

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը նոյեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ պաշտոնյաների, Արցախի քաղաքաշինության նախարարի ու Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչի մասնակցությամբ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ քննարկվել են խաղաղ բնակավայրերում առաջիկայում ծավալվող շինարարության և ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված հարցերի լայն շրջանակ:

Կարեն Սարգսյանը կարևորել է հրթիռակոծությունների հետևանքով ավերված բնակավայրերի արագ վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս հարցում ՌԴ մտահոգությունն ու հետևողականությունը, ինչպես նաև նյութական օժանդակությունը:

Հանդիպմանը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը զեկուցել է մինչ նոյեմբերի 18-ն իր ղեկավարած գերատեսչության կողմից կատարված վնասների չափագրման աշխատանքների մասին: Իսկ ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն, գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկու առաջարկով՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որոնք ըստ խմբերի կշրջեն բոլոր բնակավայրերով ու տեղում կգույքագրեն բոլոր վնասները:

Նախապատվությունը տրված է կենսական կարևոր նշանակության համակարգերի՝ էլետրամատակարարման, գազի և ջրի մատակարարման, ինտերնետի և հեռախոսակապի ուղիների վերականգնմանը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի և բնակելի տների վերանորոգմանը, դրան զուգահեռ կկատարվի նաև դպրոցական և նախադպրոցական հաստատությունների, առողջապահական հիմնարկների և ճանապարհների վերակառուցումը:

Կարեն Սարգսյանի խոսքով՝ այդ աշխատանքները պետք է մեկնարկեն անհապաղ, որպեսզի  բնակչության համար ստեղծվի առավելագույն հարմարավետություն: