Ադրբեջանը ավելի շատ պատրաստվում է պատերազմի, քան մտադիր է խաղաղության հարցեր քննարկել Հայաստանի հետ. Անդրիաս Ղուկասյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը 
– Պարո՛ն Ղուկասյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն Արևմուտքում աջակցություն է փնտրում, քանի որ Ռուսաստանն իր պարտավորությունները պատշաճ չի կատարում, մյուս կողմից հայտարարում է, որ չեն պատրաստվում որևէ փաստաթուղթ կամ պայմանագիր խզել Ռուսաստանի հետ, ավելին՝ Հայաստանն իր համաձայնությունն է տվել, որ Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացվի: Այս հայտարարությունների միջև կա՞ հակասություն, ու ինչի՞ մասին են դրանք վկայում:

 – 2021 թվականի ընտրություններում ես հանդես էի եկել ծրագրով՝ որպես վարչապետի թեկնածու, որի գլխավոր կետն այն էր, որ Հայաստանը պետք է ձեռք բերի միջազգային չեզոքություն, որպեսզի հնարավորություն ունենա պահպանել հարաբերությունները և՛ Ռուսաստանի հետ, և՛օգտվել Արևմուտքի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններից, որովհետև Հայաստանի համար այդ ժամանակ ու հիմա ամենակարևոր հարցը մնում է վերականգնել Հայաստանի զինված ուժերի ռազմական հզորությունը ու ռազմական բալանսը: 

Այսօր անհրաժեշտությունը թելադրում է այդ քայլերը, բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ միջազգային չեզոքության կարգավիճակը բանակցել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Ֆրանսիայի ու ոչ էլ մյուս գերտերությունների հետ: 

Ստեղծվել է դրություն, որ դե յուրե Հայաստանը շարունակում է իր ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հետ պահպանել, բայց հավանաբար Ռուսաստանի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ չնայած սրան, Հայաստանը դե ֆակտո բոյկոտում է բոլոր միջոցառումներն ու հանդիպումները: Այսինքն՝ սա «չեզոքություն» է, որը Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը ստիպված եղան գետնի վրա իրականացնել ոչ պաշտոնական ձևով: 

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը ստիպված է շարժվել այն ճանապարհով, որը թելադրված է անհրաժեշտությամբ, բայց նա՝ որպես քաղաքական գործիչ, ի վիճակի չէ անել դա օրինական ու ընդունված քաղաքական եղանակով, ու մենք ունենք այդ հակասական դրությունը, որը դուք ակնարկեցիք ձեր հարցի մեջ: Հայաստանը և՛ Եվրամիության հետ է՝ Ռուսաստանի դեմ, և՛ Ռուսաստանի հետ է՝ Եվրամիության դեմ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է հակասական տարբեր ձևաչափերում ու բոլոր կողմերից հեգնանքի առարկա դարձել: 

– Իշխանական խմբակցությունից հայտարարել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերը հայկական կողմը քննարկելու է եվրոպական հարթակում: Ի՞նչ կտա այս հարթակը մեզ:

– Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը եվրոպական հարթակ չի գնում, հակառակը՝ հիմա Թուրքիայի կործանիչները գտնվում են Ադրբեջանի տարածքում, այնտեղ անցկացվում են զորավարժություններ, հանդիպում են ռազմական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, այսինքն՝ կրկնվում է այն, ինչ եղել է 2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, ու ավելի շատ կարելի է ասել, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, քան մտադիր է խաղաղության հարցեր քննարկել Հայաստանի հետ: 

– Իսկ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքել, պարո՛ն Ղուկասյան, արդարացված չէ՞ այդ հույսը:

– Ո՛չ, եթե մինչև տարվա վերջ խուսափենք պատերազմից, դա Հայաստանի համար հրաշալի կլինի: Խաղաղության պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է կնքվել միայն Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու պլատֆորմի վրա:

– Պատերազմի վտանգն այդքան մե՞ծ եք համարում:

– Ճիշտ նույն դրությունն է, ինչ եղել է 2020 թվականի հուլիսին:

– Ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Արևմուտքից դա կանխելու փորձեր չե՞ն արվի, եթե Ադրբեջանը իսկապես որոշի հարձակվել:

– Ո՛չ, Հայաստանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում ասաց, ո՛չ Արևմուտքի համար է նորմալ գործընկեր, ո՛չ՝ Ռուսաստանի, ուստի ոչ մեկից աջակցություն չի ստանա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am