Թուրքական մամուլում մեղադրում են Հայաստանին՝ իբր Ադրբեջանի դիրքերի վրա հարձակված կողմի. Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, մարտի 24-ից մինչ օրս ադրբեջանական զորքը գտնվում է Արցախի Փառուխ գյուղում: Թուրքիայում ինչպե՞ս են վերաբերվում այս փաստին, պաշտոնական ու ոչ պաշտոնական արձագանքներն ինչպիսի՞ն են:

– Պաշտոնական մակարդակով առանձնապես ակտիվություն չի ցուցաբերվում այդ առնչությամբ, բայց լրատվամիջոցներում, հասարակության շրջանում մեզ համար արդեն բավականին ծանոթ իրավիճակ է: Թուրքական մամուլում մեղադրում են Հայաստանին, ավելին՝ հայկական զինուժը ներկայացնում են որպես անօրինական զինված խմբավորումներ, որոնք, իբր, հարձակվել են Ադրբեջանի դիրքերի վրա, ադրբեջանցիները խիզախորեն պաշտպանվել են, հակահարված տվել: Այսինքն՝ Թուրքիայում գեներացնում են Ադրբեջանի տարածած ստերը:

– Իսկ ռուս խաղաղապահ առաքելության մասով ի՞նչ մեկնաբանություններ կան թուրքական մամուլում:

– Ռուսական կողմի հետ կապված որևէ արձագանք, մեկնաբանություն ես չեմ նկատել:

– Այս պարագայում, երբ նշում եք, թե ինչպիսին է թուրքական կողմի վերաբերմունքը Արցախում կատարվողի նկատմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, այդ ուղղությամբ տարվող բանակցությունների ինչպիսի՞ ընթացք եք պատկերացնում:

 – Այդ մասով որևէ նոր ասելիք չկա, ամեն բան նույնն է, ինչ տարիներ առաջ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացումներից, որի մասին Թուրքիան ինքը անընդհատ բարձրաձայնում է՝ ըստ էության, առաջ քաշելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր նախապայմանը:

– Պարո՛ն Իսպիրյան, Ռուսաստան-Արևմուտք առկա իրավիճակը Թուրքիան օգտագործում է, որ Արցախում, ինչպես որոշ վերլուծաբաններ են պնդում, Ռուսաստանի համար երկրորդ ճակա՞տ բացի՝ Ադրբեջանի ձեռամբ:

– Բնականաբար, Թուրքիային և հատկապես Ուկրաինային պետք է, որ երկրորդ ճակատ բացվի՝ Ռուսաստանը հնարավորինս թուլացնելու համար: Այո՛, Թուրքիան ունի այդ ցանկությունը, ինչը չեն թաքցնում նաև պետական մակարդակում Ուկրաինայի իշխանությունները: Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության քարտուղարի հայտնի հայտարարությունը, որ պետք է ամեն ինչ անել, որ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, նոր ճակատ բացվի Ռուսաստանի համար, ասվածի վառ ապացույցն է:

– Ստացվում է, որ մի կողմից Թուրքիան խաղաղասիրության ու պատերազմը դադարեցնելու կոչեր է անում, ստանձնել է ռուս-ուկրաինական բանակցությունների ակտիվ միջնորդի դերը, մյուս կողմից էլ՝ մեր տարածաշրջանում փորձում է նոր պատերա՞զմ հրահրել:

– Այո՛, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պատերազմի ընթացքում Թուրքիայի ուժեղացված դիրքերը մաքսիմալ թուլացան, այս տարբերակով Թուրքիան փորձում է Ռուսաստանի զգոնությունը, այսպես ասած, չափել Կովկասում: Սա նաև ցուցիչ է Թուրքիայի հետագա քայլերի համար՝ Ռուսաստանի տարածքում թյուրքալեզու ինքնավար հանրապետություններում իր գործունեության համար:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիայի դրդմամբ ու աջակցությամբ՝ Ադրբեջանը Արցախում ռազմական գործողությունների գնա:

– Ամեն ինչ կախված է զարգացումներից, մեզ միշտ պատերազմից մեկ քայլ է բաժանում, բայց ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում հնարավոր չեմ համարում, այդուհանդերձ պետք է զգոն լինել, որովհետև ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել:

– Կրկին անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ կարծում եք, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարգավորվել, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում չի՞ կարող լինել:

– Այսօր, համենայնդեպս, տեսնում ենք, որ հայկական կողմը ադրբեջանական կողմի հետ խնդիր չունի: Մեր կողմը նշում է, որ ընդունում է Ադրբեջանի հինգ կետից բաղկացած առաջարկությունը, այսինքն՝ փաստացի չկա որևէ խոչընդոտող հանգամանք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չշարունակվի: 

Բանակցությունները կշարունակվեն, որովհետև որևէ կողմ հետքայլի մասին չի խոսում, Հայաստանն էլ ընդունում է Ադրբեջանի առաջարկները, ի՞նչ խնդիր կա: 

– Պարո՛ն Իսպիրյան, համակարծի՞ք եք այն վերլուծաբանների հետ, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը նոր սադրանքների, պատերազմի սկսման կանխարգելիչ միջոց է:

– Գիտեք, երկխոսությունը շատ կարևոր է, սակայն սադրանքների կամ պատերազմի կանխման համար դա երկրորդական է: Թուրքիան ու Ադրբեջանը առաջնորդվում են իրենց շահերով, Հայաստանի հետ կլինեն բանակցությունների մեջ, թե ոչ՝ երկրորդական է, համակարծիք չեմ այդ մտքին: Ուղիղ են խոսում, բայց սադրանքները կան: 

Թուրքիան վերջին 15 տարում խնդիրներ է ունեցել շատ երկրների հետ. Սիրիայի նախագահի հետ հանդիպումներ էին անցկացնում, համարվում էին ընտանիքներով բարեկամ, բայց կարճ ժամանակ անց Թուրքիան սկսեց ամենավերջին բառերով արտահայտվել Սիրիայի նախագահի հասցեին՝ փորձելով նրան գահընկեց անել: Նույնը Եգիպտոսի, Քրդստանի Իրաքի դեպքում եղավ, այսինքն՝ շատ երկրների հետ ունեին ուղիղ կապեր, բայց դա չխանգարեց կամ պատճառ չդարձավ, որ Թուրքիան խուսափի նրանց դեմ դուրս գալուց: 

Թուրքիան անելու է այն, ինչ իրեն ձեռնտու է, պետք է այնպիսի քաղաքականություն վարել, որ Թուրքիան կամ Ադրբեջանը չգնա սադրանքների կամ պատերազմի: Իսկ այդ քաղաքականությունը ուժեղ լինելն է, ուժեղ քաղաքական ռազմավարությունը, քաղաքական դաշնակցային հարաբերությունները ունեցած դաշնակից պետության ու մյուս բնական դաշնակիցների՝ Իրանի, Չինաստանի հետ:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am