Ավելորդ քաշն ու ճարպակալումը COVID-19-պայմաններում

Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը կրկնապատկում է COVID-19-ի հիվանդանոցային բուժման անհրաժեշտության ռիսկը և գրեթե 50%-ով մեծացնում մահվան հավանականությունը2:

Ընդհանուր առմամբ, 2016 թվականին աշխարհի չափահաս բնակչության 13%-ի մոտ  գրանցվել է ճարպակալում: 5-19 տարեկան երեխաների շրջանում ավելորդ քաշը և ճարպակալումը 2016-ին կազմել է 18%-ից ավելի3:

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) տվյալների համաձայն՝ մեծահասակների շրջանում ավելորդ քաշի կամ ճարպակալման տարածվածությունը կազմում է 51.9% (48% տղամարդկանց և 54.1% կանանց շրջանում)4: Այսպիսով, հասարակության բավականին մեծ զանգված` թե’ աշխարհում և թե’ Հայաստանում համարվում են կորոնավիրուսի նկատմամբ խոցելի` ունենալով ավելորդ քաշ կամ ճարպակալում:

Ավելորդ քաշը և ճարպակալումը սահմանվում են որպես մարդու մարմնում  ավելորդ ճարպի կուտակում, որը կարող է խաթարել առողջությունը: Յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն ախտորոշել այս խնդրի առակայությունը` հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI-Body Mass Index), որը որոշվում է մարմնի զանգվածը բաժանելով մարմնի հասակի քառակուսուն (կգ/մ2)5:

  • Եթե ձեր BMI- ն 18.5-ից պակաս է, ապա դուք ունեք թերքաշություն:
  • Եթե ձեր BMI- ն 18.5-ից <25 է, ապա ձեր քաշը նորմայի սահմաններում է:
  • Եթե ձեր BMI- ն 25.0-ից 30 է, ապա դուք ունեք ավելորդ քաշ:
  • Եթե ձեր BMI- ն 30.0 կամ ավելի բարձր է, ապա դուք ունեք ճարպակալում:

Այն մարդիկ, ում BMI-ը 25 և ավելին է ավելի, անպաշտպան են համարվում կորոնավիրուսի հանդեպ: Հետևաբար, այս անձինք լրացուցիչ ջանքեր պետք է կիրառեն հիվանդությունը կանխելու նպատակով և լինեն չափազանց զգույշ` կրեն դիմակ, լվանան ձեռքերը, խուսափեն մարդկային կուտակումներից և պահպանեն հեռավորություն:

Ինչպես ասում է Քեմբրիջի համալսարանի բժիշկ-գիտնական Սթիվեն Օ’Ռահիլին. «ֆիզիկական վարժությունները և նույնիսկ փոքր-ինչ նիհարելը, կարող են բարելավել ճարպակալում ունեցող մարդու նյութափոխանակությունը և դրանով իսկ նվազեցնել COVID-19-ի ծանր ընթացքի հավանականությունը: Եթե ձեր քաշը 100կգ և ավելի է, նույնիսկ ամենաչնչին կշռի կորուստը կարող է չափազանց որոշիչ լինել կորոնավիրուսի ընթացքի ծանրության հարցում»1:

Այժմ փորձենք հասկանալ, թե ինչի՞ է ավելորդ քաշը ռիսկի գործոն համարվում կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի և մահվան ելքի համար:

  1. BMI –ի 25 և ավելի արժեքի դեպքում մարդիկ սովորաբար հակված են ունենալ մեկ կամ մի քանի ուղղեկցող հիվանդություններ` շաքարային դիաբետ, սրտանոթային և շնչառական համակարգերի խնդիրներ, որոնք էլ կարող են վատթարեցնել COVID-19- ի ընթացքը:
  2. Որովայնի խոռոչի ճարպը, սեղմելով դիաֆրագմայի վրա, ճնշում է թոքերի հյուսվածքը և սահմանափակում օդի հոսքը: Թոքերի ծավալը կրճատվում է, օդուղիները` փլուզվում: Թոքերի ոչ լիարժեք ֆունկցիոնալությունը կորոնավիրուսի պայմաններում էլ ավելի է վատթարանում` ծանրացնելով հիվանդության ընթացքը:
  3. Ճարպակալում ունեցող անձանց մոտ մեծանում է թրոմբագոյացման ռիսկը: Հայտնի է, որ կորոնավիրուսը վնասում է արյունատար անոթների պատերի էնդոթելիալ բջիջները, որին ի պատասխան ակտիվանում է արյան մակարդման համակարգը` էլ ավելի նպաստելով թրոմբագոյացմանը: Արյունն ավելի մածուցիկ է դառնում և ծանրացնում COVID-19-ի ընթացքը:
  4. Հաջորդ պատճառն այն է, որ ճարպակալման հետևանքով թուլանում է իմունային համակարգը, քանի որ ճարպային բջիջները ներթափանցում են իմունային բջիջների արտադրման և պահեստավորման օրգանները, ինչպիսիք են` փայծաղը, ոսկրածուծը, ուրցագեղձը, այսինքն` իմունային հյուսվածքը փոխարինվում է ճարպային հյուսվածքով՝ դարձնելով իմունիտետը պակաս արդյունավետ օրգանիզմը պաշտպանելու հարցում:
  5. Ճարպային բջիջներն օրգանիզմում խթանում են բորբոքային պրոցեսները, քանի որ արտադրում են բորբոքման միջնորդանյութեր` ցիտոկիններ: Սա ևս մեծ բեռ է իմունային համակարգի վրա, քանի որ իմունային բջիջները փորձում են առողջացնել օրգանիզմը բորբոքումներից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված էլ ավելի են շատանում:
  6. Ի վերջո, կորոնավիրուսով հարուցված առօրյա սթրեսին մարդկանց մի մասը արձագանքում է շատ ուտելով և նպաստում ճարպային հյուսվածքի կուտակմանը1:

Այսպիսով, լինելով լավ տեղեկացված և վերանայելով մեր վարքագիծը` հնարավոր է ձեռք բերել վերահսկողություն COVID-19-ի նկատմամբ և օգնել ինքներս մեզ` հաղթահարելու այս ծանր հիվանդությունը:

 Հղումներ`

  1. Wadman M. Why COVID-19 is more deadly in people with obesity—even if they’re young. Science (80- ). Published online September 8, 2020. doi:10.1126/science.abe7010
  2. Coronavirus: Obesity “increases risks from Covid-19” – BBC News. Accessed December 2, 2020. https://www.bbc.com/news/health-53921141
  3. Obesity and overweight. Accessed December 2, 2020. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/obesity-and-overweight
  4. Ավելորդ քաշն ու ճարպակալումը Հայաստանում խնդրահարույց են | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն. Accessed December 3, 2020. https://factor.am/272751.html
  5. Defining Adult Overweight and Obesity | Overweight & Obesity | CDC. Accessed December 2, 2020. https://www.cdc.gov/obesity/adult/defining.html

    Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։