Ես վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մասին իմ հայտարարությունն արել էի մեկ նպատակով. Վահան Բադասյան. Տեսանյութ

Վահան Բադասյանը ԱԱԾ մեկուսարանից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ինքը մեկուսարանում գտնվելու 15 օրերի ընթացքում ենթարկվել է ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգման:

«Կռվող մարդուն բարոյական խոշտանգման են ենթարկում, բայց դավաճանները գտնվում են ազատության մեջ: Ինձ առաջադրված հոդվածը չի արտացոլում իրականությունը և դա ուղղակի ծիծաղելի է: Ինձ պետք է մեղադրեին սպառնալիքի, բռնի կոչերի համար, ինչը չէր նախատեսում կալանավորում: Ես իմ հայտարարությունն արել էի մեկ նպատակով, որ ինձ կալանավորեին, և ես ցուցմունք տայի, թե ինչու եմ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին ասում թշնամի», -նշել է Բադասյանը՝ նկատելով, որ քննչական մարմինները իրենից ցուցմունք չեն վերցրել:

Բադասյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը):

Նա չի ընդունում մեղադրանքը: Նրա պաշտպանը «Մեդիալաբին» ասել էր, որ Բադասյանին կալանավորելը քաղաքական պատվեր է:

Բադասյանին այս մեղադրանքն առաջադրվել էր այն բանի համար, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հարցերին պատասխանելիս, վարչապետին զենքով վերացնելու կոչեր էր հնչեցրել՝ չթաքցնելով, որ գիտակցում է, որ իրեն այդ հայտարարության համար կձերբակալեն։

Տեսանյութը՝ Factor.am