Դեսպանը ռումինացի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների մասին

Մայիսի 18-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Անջել Տըլվարի հետ։ 

Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընգծել են, որ 2021 թ. մարտի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վավերացման գործընթացն սկսվել էր Ռումինիայի խորհրդարանում դեռ 2018 թ.՝ առաջիններից մեկը։

Նշվել է, որ այդ համաձայնագիրը հնարավորություն է տալիս նաև զարգացնել Ռումինիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բազմակողմ, եվրոպական հարթակներում։ 

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ այս տարի նշվում է Ռումինիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ հավելելով, որ այս տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարաբերություններում կարևոր տեղ է ունեցել Ռումինիայի հայ համայնքը, որն ավանդաբար ներկայացված է նաև երկրի խորհրդարանում։ 

Դեսպան Մինասյանը զրուցակցին ներկայացրել է Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին չվերադարձնելու և դա որպես քաղաքական գործոն կիրառելու հանգամանքը, ինչպես նաև Արցախում հայկական կրոնական և պատմա-մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգները, դրա առնչությամբ միջազգային, այդ թվում՝ եվրոպական երկրների և կառույցների արձագանքերը։ Բացի այդ, Մինասյանը զրուցակցին ներկայացրել է նաև վերջին օրերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները։