«Թուրքը տղայիս գրպանից հանել էր հեռախոսը ու զանգել, ես ձեն տվեցի՝ Կարո՜, Կարո՜, հայհոյական ասեց՝ սպանել ա»․ որդեկորույս մայր

40-ամյա Գայանե Հարությունյանը կսկիծով է հիշում սեպտեմբերի 28-ին որդու հեռախոսահամարից ստացված զանգը։ Ասում է՝ ուրախ վերցրեց հեռախոսը, որ որդու հետ խոսի և անակնկալի եկավ:

«Թուրքը տղայիս գրպանից հանել էր հեռախոսը ու զանգել, ես ձեն տվեցի՝ Կարո՜, Կարո՜, ռուսերեն ինձ հարցրեց՝ ո՞վ ա, ասեցի` իմ տղան ա, հայհոյական խոսքով ասեց, որ սպանել ա»,- վերհիշում է ու հուզվում մայրը։

Գայանեի որդին՝ 19-ամյա Կարապետ Հարությունյանը, 13 ամսվա ժամկետային զինծառայող էր, սերժանտ, դիրքի ավագ։ Քարվաճառում է ծառայել, երբ սկսվել է պատերազմը։

Մայրն ասում է՝ որդու մարտական ընկերներից պատմել են, որ սեպտեմբերի 28-ին Կարապետը դիրքերում է եղել, 20 ժամ թեժ մարտեր մղել։

«Հետո տեսել ա, որ կապիտանին խփել են, ուզել ա գնա, գտնի դիակը, փրկի, էնտեղից բերի, ման ա եկել, ու իրան էլ են խփել»,- կսկիծով ասում է մայրը։

Գայանեն ասում է՝ թուրքի զանգից հետո, այնուամենայնիվ, հույս ունեին, որ սուտ է, չէին հավատում․ «Մինչև ամսի 30-ին հաստատ իմացանք։ Հոկտեմբերի 1-ին իրա մարմինը հանել են, 3-ին տվել են մեզ, հոկտեմբերի 5-ին հուղարկավորել եք»,- ասում է 40-ամյա կինը։

Գայանեն ասում է՝ երբեք մտքով չի անցել, որ տղային կկորցնի պատերազմում, հուզմունքով նշում է՝ ամեն ինչ փլուզվեց որդու զոհվելուց հետո։

«Չէի պատկերացնի, որ հերթը կգա կհասնի մեզ, ինչքան անմեղ էրեխեք զոհվեցին։ Մեր կյանքը մենք պլանավորել էինք, գծել էինք, բայց արի ու տես ինչ եղավ։ Ամեն ինչ մնաց օդում»,- կսկիծով ասում է Գայանեն։

Կարապետ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար: 

Գայանեն ասում է՝ որդուց հետո կյանքն ամբողջովին այլ է, ապրել չի ստացվում՝ չնայած էլի տղա և աղջիկ ունի: 

«Ինքն ուրիշ աշխարհ էր, հատուկ էր, խելացի, աշխատող, հասկացող, տուն պահող, էսքան տարվա մեջ իրան նկատողություն արած չկամ, անթերի էր»,- որդու մասին պատմում է մայրը։

Գայանեն ասում է՝ երեխաներին հիմնականում մենակ է մեծացրել, ամուսինն արտերկրում է աշխատել, Կարապետը, լինելով ավագ որդին, մորը շատ է oգնել բոլոր հարցերում։

«Դաշտի աշխատանք էր անում, ծաղիկներ էր հավաքում, ջրում, աշխատում էր, որ ընտանիք պահեր։ Ամեն ինչ անում էր, չկար մի բան, որ չաներ, կարևորը՝ կարողանար տուն փող բերեր, փորձում էր հոգսը քաշել, հիմա իրա փոքր եղբայրն ա օգնում»,- ասում է Գայանեն ու հուզվում։

Գայանեն ասում է՝ որդու երազանքն էր բանակից գալ, շարունակել աշխատել և տուն գնել ընտանիքի համար․ «Բոլոր երազանքները հօդս ցնդեցին»,- կսկիծով ասում է մայրը ու նշում, որ ապրում է որդու մասին հուշերով:

«Ինքն իմ հետ ա ամեն վայրկյան՝ իրա խոսքերը, իրա ձայնը։ Ինձ միշտ ասում էր՝ մա՛մ, պրծնեմ գամ, մեզ տուն առնենք, գնանք ապրենք, ասում էր՝ մամ ջան, սաղ լավ ա լինելու․․․»- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է մայրը։

Գայանեն հաճախ է գնում որդու գերեզմանի մոտ, խոսում որդու հետ, փորձում մեղմել կարոտը, բայց չի ստացվում․ 

«Խոսում եմ, ասում եմ՝ ուզում եմ, որ գաս։ Ահավոր ա ցավը, փորձում ենք հաղթահարել, բայց չի ստացվում, սա կյանք ա առանց կյանքի, շնչում ես՝ առանց թթվածնի»։

Կարապետ Հարությունյանը  հուղարկավորված է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am