«Հանկարծ մեկը երևաց, վռազ վրեն կրակում են». սահմանամերձ Այգեպարի սահմանային տան բնակիչները

«Հանկարծ մեկը երևաց, վռազ վրեն կրակում են». սահմանամերձ Այգեպարի սահմանային տան բնակիչները
«Հանկարծ մեկը երևաց, վռազ վրեն կրակում են». սահմանամերձ Այգեպարի սահմանային տան բնակիչները

Ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետրի վրա գտնվող Այգեպար գյուղի վերջին տունն ամեն առավոտ արևածագը դիմավորում է ադրբեջանական Ալի Բեյլի գյուղին դեմ հանդիման: Իրար աչքերի նայող երկու գյուղերն այսօր միայն կրակոցների լեզվով են խոսում միմյանց հետ, մինչդեռ ժամանակին բարեկամություն են արել, միասին ուրախություն կիսել, միասին տխրել:

Այգեպարի վերջին տան բնակիչները մշտապես ադրբեջանական գնդակոծությունների թիրախի տակ են: 63-ամյա Էլյա Հովհաննիսյանը տանը ապրում է 90 տարեկան սկեսրոջ, տղայի ու հարսի հետ:

«Մարդիկ զարմանում են, թե մենք ո´նց ենք ստեղ ապրում: Ապրում ենք, էլի: Ամեն օր էլ կրակում են մեր տան վրա, տենց օր չկա, որ չկրակեն»,- ասում է տիկին էլյան:

Տան մոտ այգի ունեն, բայց բացարձակապես չեն գնում, չեն մշակում, վախենում են:

«Հանկարծ մեկը երևաց, վռազ վրեն կրակում են: Չենք կարում գործ անենք ընդհանրապես, մենք համարյա դուրս էլ չենք գալիս տնից»,- հավելում է նա:

Տան առջևի սարերին գտնվում են մի քանի ադրբեջանական հենակետեր, որտեղից ցանկացած պահի կարող են կրակել:

«Այգեպարում ազատ կալանավորներ ենք, սաղ օրը, թողած հողերը, մարդիկ վախում են գնան աշխատեն, աշխատողին կրակում են, ինվալիդ դարձնում: Բայց թուրքն ո՞վ ա, որ վախենամ, ոչ մի բանից էլ ես չեմ վախում, որ կրակում են»,-խիզախորեն ասում է 90-ամյա Կատյա տատիկը, ով անկողնային հիվանդ է:

Չնայած կրակոցները հետքեր են թողել տան յուրաքանչյուր պատին, դարպասին ու պատուհաններին, դրանք չեն աղավաղել Հովհաննիսյանների հիշողությունը` կապված իրենց վաղեմի ադրբեջանցի «դոստերի» ու ընկերների հետ:

Հովհաննիսյանները մինչև պատերազմը մեծ արհեստանոց են ունեցել, և շատ ադրբեջանցիներ մտերիմ են եղել նրանց հետ, ճանաչել այս ընտանիքին:

«Մերոնք երկաթի գործ են արել, դարպասներ սարքել, գերեզմանոցների ռեշոտկաներ: Ամբողջ թուրքերը սաղ օրը մեր տանն են եղել, մենք շատ դոստեր ենք ունեցել, շատ լավ ադրբեջանցի ընկերներ, լավ մարդիկ, էլ ռայկոմի քարտուղար, էլ բժիշկներ, էլ պրոֆեսորներ: Բայց որ կռիվն ընկավ, էլ ով ա ում տեսել»,- ասում է տիկին Էլյան:

Նա հիշում է, թե ինչպես են ժամանակին միասին հարսանիքներ նշել, իրար տուն գնացել, անգամ թաղումների մասնակցել, իսկ պատերազմի դաշտում իրար կրկին հանդիպել:

«Գետաշենից որ թուրքերին մեր սահմանով անց էին կացնում, էդ ժամանակ ինձ իմ ծանոթը տեսել ա, կանչել ա: Ասել ա` Էլյա, խալա, ո՞նց եք, ասել եմ` չե՞ս իմանում ոնց ենք, աչքդ դուրս գա, սաղ տունս քանդել ես: «Ես ի՞նչ անեմ, Էլյա խալա, ոնց որ դուք, նենց էլ մենք, ես կուզեի՞, որ ձեզ վնաս լիներ», ասել ա, բայց ինքն իմ տան կառուցման ժամանակ մասնակցել ա, օգնել ա մեզ»,- պատմում է տիկին Էլյան:

Նա հիշում է նաև, որ ամուսնու եղբորը պատերազմի ժամանակ ադրբեջանցիները թեյով են հյուրասիրել և հետ ուղարկել, երբ Ադրբեջանի Ղազախի միլպետը ճանաչել է, թե ո´ւմ տղան է:

«Ասել ա` ուստա Գրիգորի տղեն ա, ոչ մեկդ մոտ չգա իրան, ու չայ են խմացրել, հետո միլպետը, որ մեզ ծանոթ ա եղել, իրա ձեռով նստացրել ա իրա վիլիսը, պիրել իրա սահմանը ու թողել, ասել` գնա, Հարո´ւթ»:

Դեպքը եղել է 1991-ին ու դրանից հետո մինչ օրս էլ ոչ մի կապ, ոչ մի լուր չի եղել ադրբեջանական կողմից:

«Միայն մի քանի տարի առաջ Թիֆլիսում մեր այգեպարցի մեկին պատահմամբ մեր դոստի կինն է տեսնում և մեզնից հարցնում: Ասում է` ուշքս գնում ա, էնքան կարոտել եմ, որ իմանամ` ինձ ձեռ չեն տալ, ես կգամ-կանցնեմ սահմանը: Ասել ա` ես գիտեմ, որ հայերը ինձ չեն կպչի, ես կարամ գամ, անցնեմ, իրանց տենամ, բայց մեր թուրքերը կեղտոտ են, նրանք ինձ կսպանեն, որ անցնեմ»,- պատմում է տիկին Էլյան ու հիշողություններից նորից վերադառնում իրականություն:

Նրանց տան վերին հարկն ամբողջովին ավերված է, որը` պատերազմից, որը` վերջին տարիների կրակոցներից: Հովհաննիսյաններն ապրում են ներքևի հարկում և ուժեղ գնդակոծությունների ժամանակ թաքնվում են տան ամենաապահով տեղում ՝ բաղնիքում:

«Կրակոցները որ սկսում ա, տան լույսերն անջատում ենք, քինում, մտնում ենք բաղնիք: Ըստեղ էլ մի դուռ ենք բաց արել, որ հանկարծ կրակեն, բացենք, էս տան հետևի ճամփով փախչենք, թե չէ դիմացով կրակի տակ ենք: Պատուհաններն էլ սաղ ցելաֆան ա խփած, էնքան կրակած ա, որ սաղ ապակիները ջարդած ա»:

Տիկին Էլյան ունի երկու զույգ տղա և մեկ աղջիկ: Նրա երկու որդիներն էլ մասնակցել են Ղարաբաղյան պատերազմին, իսկ ամուսինն ու սկեսրայրը շատ վաղ են մահացել, մինչ պատերազմը սկսվելը:

Այժմ նրա հետ է ապրում որդիներից միայն մեկը: Մյուս տղան ու աղջիկը բնակվում են Ռուսաստանում: Տիկին Էլյան հիշում է, թե ինչ դժվարությունների միջով է անցել` միայնակ մեծացնելով, պահելով իր երեխաներին, բայց փառք է տալիս Աստծուն, որ հիմա թոռնիկներ ունի:

«Իմ հետ ապրող տղաս նոր ա ամուսնացել, դեռ երեխա չունեն: Մեկ-մեկ սեզոնին ճանապարհների շինարարության վրա ա աշխատում, էն էլ յա կա, յա չկա: Ռուսաստանի տղաս էլ, թե կարողանում ա, օգնում ա»:

Չնայած սոցիալական դժվար պայմաններին և կյանքին ամեն օր սպառնացող իրավիճակին՝ Հովակիմյանները երբևէ ցանկություն չեն ունեցել լքելու իրենց տունն ու գյուղը:

«Ու՞ր քինամ, իմ հողը, իմ տունը ստեղ ա, որտե՞ղ քինամ: Չէ´, չեմ քինա, ես իմ հողից դուրս չեմ գա: Նախ` ծեր կիսուր ունեմ, 90 տարեկան, հետո` մեր գերեզմանները ստեղ են, ամուսինս 30 տարի ա` մահացել ա, տեգրս` մահացած, կեսրարս` մահացած, գերեզմանները ստեղ մոտ, մենք սաղ թողենք-քինանք ի՞նչ կդառնա: Էս ա մեր հողը, ապրում ենք, էլի: Ինչքան Աստված կյանք ա տվել, էդքան էլ կապրենք»,-ասում է տիկին Էլյան:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարում ` Էլյա Հովհաննիսյանը

© Medialab.am