Քեզ հռչակես ժողովրդավար ու  հլու-հնազանդ անասունի նման սպասես, որ գան գլուխդ կտրեն, գնա՞ն, պետք է պայքարել. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– «Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք մեր երախտագիտությունը հայտնեցինք վարչապետ Փաշինյանին՝ խաղաղությանն ուղղված իր հանձնառության համար և ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները համաներում հայտարարելու մասին». մեջբերումն ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարությունից է, որին արձագանքել է ՀՀ արտգործնախարարությունը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, պարո՛ն Սահակյան։

– Ալիևն իդեալական է խաղում, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, նա խորքային առումով հասկացել է տեղի ունեցող գործընթացները, ոչ թե մեզ նման բողոքում է, նա խաղի կանոններն ընդունել է ու խաղում է դրանցով։ Մեծ հաշվով, նա ձեռք է առնում արևմտյան արժեհամակարգին, նույն բանն է անում, ինչ Էրդողանը, Պուտինը։ 

Արևմուտքի կամ ԱՄՆ-ի տեսանկյունից կոնֆլիկտը պետք է որ լուծվի, եթե հայերը համաձայն են, ադրբեջանցիներն էլ տալիս են այդ հնարավորությունը, ապա ո՛րն է խնդիրը։ Այստեղ կորցնողը մենք ենք ու մենք պետք է առաջինը դուրս գանք ու արձագանքենք Ալիևին։

– Արտգործնախարարությունը, վարչապետն արձագանքել են, բավարար չե՞ք համարում։

– Իհարկե ո՛չ, որովհետև միայն արձագանքելով չէ, Ալիևը հստակ գործողություններ է անում, իսկ մենք՝ հայտարարություն։ Արևմուտքն ու ընդհանրապես ողջ աշխարհը նայում են ու տեսնում, որ Ադրբեջանը քայլեր է անում, իսկ մենք բավարարվում ենք հայտարարություններով։ Որոշ ժամանակ առաջ Ալիևն ասում էր, որ Հայաստանը կեղծ պետություն է, նման պետություն գոյություն չունի, իսկ մենք մեր գործողություններով, ավելի ճիշտ՝ չգործողություններով, ապացուցում ենք Ալիևի խոսքերը, որ մենք կենսունակ պետություն չենք, աշխարհն էլ տեսնում է, որ Ադրբեջանը կենսունակ է, Հայաստանը՝ ոչ։ 

Ձեր կարծիքով՝ ո՞ւմ հետ իրենք կփորձեն հարաբերվել, իրական գործընկերային հարաբերություններ հաստատել, պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի։ Այս տեսանկյունից որ նայում ենք, ամեն ինչ նորմալ ու օրինաչափ է, զարմանալու ոչինչ չկա, Ալիևը ստեղծում է հիմքեր, որ իրավունք ունենա անելու այն, ինչ հիմա հայտարարում է։

– Այս համատեքստում որքանո՞վ է կնքվելիք խաղաղության պայմանագիրը Հայաստանի համար լինելու «կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր», ինչպես իր հայտարարության մեջ նշել է Միլլերը։

– Կայուն ու արժանապատիվ խաղաղության համաձայնագիր չի լինում, եթե ուժային բալանսը չի գործում, ոչ մի փաստաթուղթ նման իրավական ուժ չունի։ Պետությունների իմաստն ընդհանրապես անընդհատ առաջ գնալու, զարգանալու մեջ է։ Եթե Հայաստանը այդ պայմանագիրը կնքի նման պայմաններում, երբ ուժային բալանսը այսչափ խեղված է, ընդ որում՝ խոսքս միայն ռազմական բալանսին չի վերաբերում, այլ նաև՝ քաղաքական, դիվանագիտական, չի կարող այն լինել կայուն ու արժանապատիվ մեզ համար։ 

Ադրբեջանը տարածաշրջանում դարձել է գործոն ու կարողանում է իր համար դաշնակիցներ գտնել, Հայաստանին էլ առաջարկվում է օգնություն, բայց Հայաստանն ասում է՝ չէ՛, թողե՛ք, մեզ Պուտինը կփրկի, կամ մուննաթ ենք գալիս, այս ամենի հետևանքը սա պետք է լինի, իսկ ի՞նչ էիք ուզում։ 

Ադրբեջանը ռեալ, ինչպես ասում են՝ գետնի վրա գործողություն է անում։ Եթե մենք այսօր գործողություն չենք անում այդ գործողության դեմ, այլ սահմանափակվում ենք հայտարարությամբ, Ադրբեջանն այլ գործողությունների կգնա, ինչպես տեղադրեց անցակետը Լաչինի միջանցքում, վաղը կսկսի Արցախից մարդ գողանալ, տանել։ Ես չեմ զարմանա, որ Արայիկ Հարությունյանին գողանան, տանեն, դատապարտեն։ Էլի հայտարարություն ենք, չէ՞, անելու ու դիմենք աշխարհին։

– Պարո՛ն Սահակյան, դուք ասում եք, որ ձեռք էր մեկնված, բայց մենք ասում ենք՝ թողեք մեզ Պուտինը կփրկի, ԱՄՆ-ից հնչած այս հայտարարությունից հետո մարդիկ, որոնք կարծում են, թե Ռուսաստանն է այս իրավիճակում Հայաստանին աջակցող կողմը, դիմում են նրանց, ովքեր դեմ են Ռուսաստանի օգնությանը՝ ասելով, որ տեսեք՝ ձեր Արևմուտքն էլ Արցախը Ադրբեջանի կազմում է տեսնում, ի՞նչ օգնություն եք ակնկալում։

– Իհարկե այդ պետք է ասեն, իրենք էլ անհամբեր սպասում են, որ ԱՄՆ-ն մի բան ասի, որը չի բխում Հայաստանի շահերից, բայց չեն խոսում, երբ նույնը Ռուսաստանն է անում, երբ զինում է Ադրբեջանին, աջակցում է նրան։ Բայց մենք ենք ընտրել այդ դաշնակցին ու այդ խաղի կանոնները, մեզ էլ տանում են նվաստացնելու, ստորացնելու և Հայաստանը վերացնելու ճանապարհով: Եթե մենք դրան համաձայն ենք, ԱՄՆ-ն ի՞նչ անի։ Եթե առաջնային տուժող կողմը՝ մենք, դրա դեմ բողոք չունենք, հո չե՞ն ստիպելու մեզ, ասեն՝ բողոքեք։ 

– Ձեր միտքը ճի՞շտ եմ հասկանում, որ նմանատիպ հայտարարությունները, անկախ որ կողմից են հնչում, ուղիղ հետևանք են ՀՀ իշխանության վարած քաղաքականության։

– Իհարկե, յուրաքանչյուր հայտարարություն, չգործողություն ունենում է ազդեցություն այս կամ այն կողմի դիրքորոշման վրա։ Ալիևն անում է գործողություն, մեր կողմից չկա որևէ հակազդեցություն, բոլորը նայում են դրան, հետևություններ անում ու ըստ այդմ որոշում իրենց քաղաքականությունը։ Ինչո՞ւ պետք է որևէ մեկը մեր փոխարեն անի բաներ, որ մենք չենք անում։

– Պարո՛ն Սահակյան, ինչո՞ւ չենք անում։

– Իշխող ուժի ղեկավարին այդ հարցը պետք է տաք։

– Նիկոլ Փաշինյանն ասում է, որ անում են, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որ ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ու դա իրենց «ռազմավարությունն ու համոզմունքն է»։ 

– Ախր դա ասելով չէ, ժողովրդավարությունը չի նշանակում նման բարձիթողի վիճակ, ոչինչ չանել ու սպասել, որ ինչ-որ մեկը մեզ գա փրկի, ինչ է թե մենք լավն ենք։ Ժողովրդավարությունը հռչակագրային մակարդակի բան չէ, գործողություն է։ Տեսեք՝ ի՛նչ է անում Զելենսկին, ի՞նչ է, նա ժողովրդավա՞ր չէ, կռիվ է տալիս, ինչու ժողովրդավարությունը ենթադրում է հլու-հնազանդ անասունի նման սպասել, որ գան գլուխդ կտրեն, անցնի գնա՞։ Քո տեսակը պահելու համար կռիվ պետք է անես, իսկ դա չի նշանակում, թե ժողովրդավար չես։ Քեզ ուղղակի հռչակել ժողովրդավար ու սպասել, որ քեզ կօգնեն մյուս ժողովրդավար պետությունները իզուր է, պետք է պայքարել։

– Նման վարվող քաղաքականության պարագայում ի՞նչ է սպասում Հայաստանին ու Արցախին, պարո՛ն Սահակյան։

– Քաղաքական ուղիղ և հստակ գիծ է տարվում հիմա, որը մեզ տանում է վերացման։ Արցախյան երկրորդ պատերազմը ոչ թե Արցախի դեմ էր, այլ Հայաստանի գոյության հարցն էր դրված։ Ի սկզբանե այդ ապուշ մտածողությունը, թե Արցախը տանք՝ պրծնենք, որը մինչև հիմա էլ կա, սխալ էր, չէին հասկացել, որ առանձին Արցախի հարց որպես այդպիսին գոյություն չունի, միշտ եղել է ու կա Հայաստանի հարց։ 

Եթե չմիավորվենք, մեկ բռունցք չդառնանք, չպայքարենք հանուն մեր վաղվա, ոչ մեկը մեր փոխարեն դա չի անելու։ Չի եղել երբեք դեպք, որ փրկեն մեկին, որը չի ցանկանում փրկվել։ Եթե մարդը չի ցանկանում փրկվել, պետք է թողնես կործանվի գնա, որովհետև նա դառնում է բեռ։ Հենց հիմա մենք բեռ ենք նույն ժողովրդավար աշխարհի համար, որովհետև ցանկացած պետություն այսօր պատրաստվում է իր սահմանները պաշտպանելու՝ ելնելով աշխարհաքաղաքական այս խառը վիճակից, հիմա դրա փոխարեն պետք է զո՞րք ուղարկի Հայաստան, այն դեպքում, երբ նույն Հայաստանը ոչինչ չի անում պաշտպանվելու համար։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am