«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
– Տիկի՛ն Ալեքսանյան, երեկ կառավարության որոշմամբ ՀՀ ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին նշանակել են Սյունիքի մարզպետ, ինչը մեծ դժգոհությունների ու քննարկումների տեղիք է տվել: Ձեր գնահատականը այս նշանակմանը:
– Սա մի նշանակում է, որին հանրությունը կարող է բուռն արձագանքել: Նա եղել է նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի աջ ձեռքը, մի մարդ, որը չուներ որևէ դրական հեղինակության նշույլ անգամ, նշանակվել է Սյունիքի մարզպետ:
Դա շատ բարձր և պատասխանատու պաշտոն է: Վարկաբեկված մարդը չպետք է պաշտոն զբաղեցնի Հայաստանում, ես այդպես էի հասկանում Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունից: Նա ասում էր, որ գոնե կոռումպացված չլինեն, բայց Հունան Պողոսյանը հայտնի է որպես ամենակոռումպացվածը ոստիկանությունում:
Գուցե Վովա Գասպարյանից հետո ամենակոռումպացված անձն է, և դրա մասին կան տեղեկություններ մամուլում, ուսումնասիրություններ: Եվ հիմա ինձ համար բացարձակ անհասկանալի է այս նշանակումը: Եթե ասենք Վալերիյ Օսիպյանի դեպքում, նա կոռումպացված չէր, և դա էր կարևորվում, և կառավարության կողմից նշանակումները արվում էին ոչ կոռումպացված անձանց դեպքում: Հիմա սա բացարձակ անհասկանալի է: Չէի ասի, որ Լիսկայից հետո նորմալ նշանակում է արվում Սյունիքի մարզում, ժողովուրդն էլ իրավունք ունի նորմալ ապրելու և գոհ լինելու իր ղեկավարից:
«Էլեկտրիկ Երևանի» դեպքերի ժամանակ ամենավառ արտահայտված դեմքերը, ովքեր ներկայացնում էին ոստիկանությունը, Հունան Պողոսյանն էր և Լյովա Երանոսյանը, նրանք էին ցուցումներն ու հրամանները տալիս: Գիտեք, թե ինչ վայրագություններ է կատարել ոստիկանությունը, մոտ երկու տասնյակ լրագրող բռնության ենթարկվեց: Ակտիվ գործունեությունը ծավալել է հենց Հունան Պողոսյանը:
– Արդյոք սա խոսում է այն մասին, որ վարչապետի շրջապատում կադրային սո՞վ է:
– Նա չպետք է իր շրջապատով առաջնորդվի: Նա պետք է օբյեկտիվորեն նայի, ոչ թե ոստիկանությունում կադրեր փնտրի, ոստիկանությունում չի կարող կադրեր գտնել: Այդպիսի մարդը չի կարող նորմալ ղեկավարել մի ամբողջ մարզ, մտածողությունը, չափանիշները բոլորովին այլ են:
Եթե հիմա ինքը՝ Հունան Պողոսյանն ասել է, որ ուզում է աշխատել ու գործել նոր Հայաստանում, նշանակում է, որ ինքն իրեն նորացրե՞լ է այս նոր իրավիճակի հետ: Կադրերի առումով, եթե նայում ենք, շատ կադրեր կարելի է գտնել, ու բոլորովին պարտադիր չէ, որ վարչապետի միջավայրից լինեն այդ կադրերը: Շատ մարդիկ կան, որոնց կարելի է գտնել տարբեր ոլորտներում և նշանակել տարբեր պաշտոններում:
– Արդյոք վարչապետ Փաշինյանը պարտավո՞ր է հանրությանը բացատրություններ տալ այս նշանակման հետ կապված:
– Այո՛, նա պարտավոր էր նախապես ասել, որ այսպիսի նշանակում է անելու, պարզ էր, որ այդ նշանակումը տարաձայնությունների տեղիք էր տալու, մերժողական մոտեցում էր լինելու այդ նշանակմանը: Նա շատ լավ դա հասկանում էր, և դրա համար գուցե գաղտնի արվեց, ու միանգամից մեզ հրամցրեցին արդեն նշանակված կարգավիճակում: Անընդունելի նշանակում է: Ոչ մի վստահություն չի ներշնչում:
– Նման նշանակումները հիասթափությո՞ւն են առաջացնում:
– Այո՛, շատ հնարավոր է, որ հիասթափություն առաջանա, հաշվի առնելով սրա նախորդած դեպքերը, երբ վարչապետը կամ կառավարությունից չեն մասնակցել Արայիկ Խանդոյանի թաղման արարողությանը, և մարդիկ դրան նույնպես արձագանքում էին: Հիմա էլ այս նշանակումը: Շատ անսպասելի ու անընդունելի նշանակում է:
Ավելացնեմ նաև, որ մի քանի դատական գործեր կան ընդդեմ Հունան Պողոսյանի: Մեկը Ելենա Օվսյաննիկովայի գործն էր, ում հետ անպարկեշտ խոսակցություն էր վարել Պողոսյանը, և այդ գործը դատարանում էր: Բնականաբար, լինելով նախորդ իշխանության դեմքերից, սյուներից մեկը, աջակցող ու հրամանները կատարող, դատարանը նրան դատական պատասխանատվության չի ենթարկել:
Եղել է արտոնյալ կարգավիճակում: Ուզում եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը փոխանակ այդ դեպքերը առաջին հերթին բացահայտեր, դրանցով մտահոգված լիներ՝ «Էլեկտրիկ Երևան», Սարի թաղ… բերում է այդ կադրերին և նշանակում այնպիսի պատասխանատու պաշտոնի, ինչպիսին Սյունիքի մարզպետն է:
Գայանե Մկրտչյան
MediaLab.am