«Սա բարբարոսություն է. բարբարոսությունը ոչ թե ջրի թանկացումն է, այլ այն, որ մեր եկամուտները չեն բավարարում». Արմեն Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, Հայաստանում պարենային և ոչ պարենային ապրանքների գնաճին զուգահեռ բարձրանում են նաև որոշակի ծառայությունների գները: Օրինակ՝ 2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը 180 դրամից դառնալու է 200,47 դրամ, բայց սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը անփոփոխ է մնալու: Հաջորդ տարի նախատեսվում է բարձրացնել նաև էլեկտրաէներգիայի սակագինը: Թանկացումների այս միտումը ինչո՞վ եք պայմանավորում:

– Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021 թ. հոկտեմբերը 2020 թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%. սա պաշտոնական ցուցանիշ է, որը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն: Ընդ որում, առաջին անհրաժեշտության սնունդը՝ միրգն ու բանջարեղենը, ավելի բարձր տեմպով է գնաճ գրանցել, քան մյուս ապրանքներն ու ծառայությունները:

Երեկ էլ պարզ դարձավ, որ ջրի սակագինն ավելացավ 67 դրամով, սա սարսափելի հարված է այն մարդկանց համար, ովքեր ստիպված ջուրը պետք է խնայեն: Մարդը եթե ջուրը խնայեց, դա հանգեցնելու է հակասանիտարական վիճակի: Սա բարբարոսություն է. բարբարոսությունը ոչ թե ջրի թանկացումն է, այլ այն, որ մեր եկամուտները չեն բավարարում:

Մեր սպառողական նվազագույն զամբյուղը կազմում է 59 հազար դրամ, եթե մենք վերցնենք միջին աշխատավարձ ստացողին, ցածրը չվերցնենք, ենթադրենք՝ մարդն ամսական ստանում է 160 հազար դրամ, ընտանիքում, որպես կանոն, չորս մարդ է լինում, եթե այդ գումարը բաժանում ենք, ստացվում է, որ այդ նվազագույն զամբյուղը նրանց մատչելի չէ:

Բայց Կառավարությունը հայտարարել է, թե այս տարի ունենալու ենք տնտեսական ցուցանիշների 6-7% աճ, իմ մեկնաբանությամբ՝ դա հեքիաթ է: Այն վիճակում, որում մեր երկիրն ու տնտեսությունն են, 7% աճը հեքիաթի պես բան է: Սպասենք տարվա վերջին, թե ինչպես են արդարանալու, որ այդ թվերը չապահովվեն:

Եթե այդ թվերը, ձեր բնորոշմամբ՝ հեքիաթ են ու իրականություն չեն կարող դառնալ, ապա ինչո՞ւ է Կառավարությունը նման բան հայտարարում:

– Այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ցանկացած կառույց ուզում է իր աշխատանքը լավ ցուցադրել, հուսադրող ցուցանիշներ ասել: Այս տարի մենք ունեցել ենք 7,5% անկում, իհարկե այս տվյալներով անկումից հետո աճ ապահովելը հեշտ է, բայց կրկնակի աճ՝ առողջ տրամաբանությունից հեռու է:

Ծառայությունների սակագների բարձրացումը, եթե դիտարկեք մատակարարման աշխատանքի որակի համատեքստում՝ արդարացվա՞ծ եք համարում գների բարձրացումը:

– Երբ այդ սակագինը հաստատվում էր, ես հետևյալ նկատառումն արեցի հենց նիստի ժամանակ. միջպետական պայմանագրով կազմվել է գնի վարքագծի 15 տարվա սցենար, որի համաձայն՝ մինչև 2022 թվականը պետք է բարձրանար, իսկ հետո՝ իջներ, հիմա ինչքան կիջնի կամ չի իջնի՝ դա թողնենք:

Խնդիրը հետևյալն է, որ նախորդ մատակարարի հետ էլ է եղել նույնպիսի պայմանագիր, որ առաջին 5 տարում սակագինը պետք է բարձրանար, իսկ հաջորդ 5 տարում՝ նվազեր, բայց այդ երկրորդ 5 տարվա նվազումը չեղավ: Երևան քաղաքի Արաբկիր ու Կենտրոն վարչական շրջաններում էլ ջրից թունավորվեցին, իսկ մատակարար ընկերությունը անպատիժ հեռացավ: Հիմա որտե՞ղ է այդ վստահությունը, որ այս անգամ նույնը չի լինելու: Պետական հանձնաժողովի նիստի ժամանակ այս հարցս անպատասխան մնաց:

Բայց այս թանկացումների հիմնավորումները ձեզ բավարարո՞ւմ են:

– Ո՛չ, ինձ չեն բավարարում: Հոսանքի մասով դեռ բան չեմ կարող ասել, խոսքս ներկա թանկացումների մասին է: Ջրի սակագնի վրա ազդող հիմնական պարամետրն այսօր վաճառված ջրի ծավալն է, բայց վաճառված ջրի ծավալը ո՞նց ավելանա, եթե մեր բնակչությունը չի ավելանում, իսկ ջրի կորուստներն էլ չեն բացահայտվում:

Կորուստներ կան, որոնք կոմերցիոն բնույթի են, հասկանալի լեզվով՝ գողություն և տեխնիկական բնույթի կորուստներ: Մինչև սրանց բացահայտումը լիարժեք չարվի, ջրի սակագինը չի իջնի, որովհետև եթե այդ կորուստները պակասեն, ապա ջրի ծավալը կմեծանա:

– Պարո՛ն Պողոսյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թանկացումները շարունակվում են, իսկ Հայաստանում աղքատության մակարդակի աճ է նկատվում, բնակչությունը կկարողանա՞ կամ ինչպե՞ս կհաղթահարի այս վիճակը:

– Աղքատության աճ միանշանակ կա՝ մոտ 10%: Իսկ հարցը պատասխան չունի, որովհետև ինձնից առաջ մեկն ասել է՝ գոտիներդ պինդ ձգեք: Կա՛մ մի մասն ունի չերևացող եկամուտ, կա՛մ մի մասը փողոցներում մանր առևտուր անելու միջոցով կգոյատևի, կա՛մ մի մասը արտասահմանից եկող փողի հույսով է, կա՛մ էլ ճամպրուկները կապում են, որ գնան:

Նկատի ունեք, որ այս թանկացումները խթանելու են արտագա՞ղթը:

– Իհարկե, մարդիկ գիտեմ, որ մտադիր են գնալ, դրանից մեծ սարսափ ինչ կարող է լինել: Այս տարի արդեն 100 հազար մարդ է մեկնել մեր երկրից: Ամենասարսափելին ասեմ. սպառողական ծախսերի մեջ սնունդը կազմում է մոտավորապես 65 ու ավելի տոկոս, եթե դրան գումարում ենք կենցաղային հարցերը՝ հանրային ծառայությունները՝ ստացվում է 85%:

Նշանակում է, մենք կոշիկ, հագուստ, գիրք՝ դրանց վրա՝ ցածր խավն ընդհանրապես գումար չի ծախսում, վճարունակ խավը, իհարկե, մի փոքր գումար հատկացնում է, բայց միջինում ստացվում է, որ այդ սնունդն ու անհրաժեշտ ծառայությունները ծածկում են մարդկանց ողջ եկամուտների բազան:

Այսինքն՝ Հայաստանում հոգևոր-մշակութային կյանքի համար ծախսվող գումար չի մնում, մարդիկ ի վիճակի չեն դրան գումար տրամադրել, իսկ եթե երեխան մշակույթի հետ չի առնչվում, ներկայացում չի տեսնում, ի՛նչ վաղվա սերունդ ենք ակնկալում: Սարսափելի է, որ սնունդը մեծ մասն է կազմում, իսկ լիարժեք մարդ մեծացնելու համար անհրաժեշտ պայմաններին գումարը չի բավարարում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am