Սոցիալական բունտը ռեալ չէ, բայց այս գնաճը բերելու է կյանքի որակի վատթարացման ու աղքատության. կարծիքներ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021 թ. հոկտեմբերը 2020 թ. հոկտեմբերի նկատմամբ) կազմել է 9.1%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.7%: Վիճակագրական կոմիտեի կողմից դիտարկված ՀՀ բոլոր քաղաքներում 2021 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.5-0.8%-ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում, իսկ Երևանում այն աճել է 0.7%-ով:

Նույն աղբյուրի տվյալներով՝ պարենային և ոչ պարենային գրեթե բոլոր ապրանքների գնաճ է նկատվում:
Մասնավորապես, սննդամթերքի մասով 2021-ի հոկտեմբերին, 2020-ի հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.0%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.4% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել է սուրճի, թեյի, կակաոյի, մրգի, կաթնամթերքի, պանրի, ձվի, ձկան և ծովամթերքի, բանջարեղենի՝ 1.5-5.2% գնաճը:

Իսկ ահա բանջարեղենի ապրանքախմբում 2021-ի հոկտեմբերին 2020-ի հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 69.3% գնաճ, իսկ 2021-ի սեպտեմբերի համեմատ՝ 5.2% գնաճ:

Առաջնային ապրանքներից հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021-ի հոկտեմբերին 2020-ի հոկտեմբերի համեմատ գրանցվել է 10.4%, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ: Հացի, ձավարեղենի և ալյուրի գները 2021-ի հոկտեմբերին 2020թ. հոկտեմբերի համեմատ աճել են՝ 11.0%, 17.3% և 7.2%-ով, իսկ 2021թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0%, 1.2% և 1.5%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գնաճը 2021-ի հոկտեմբերին 2020-ի հոկտեմբերի համեմատ կազմել է 42.4%, իսկ 2021 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.3% գնանկում:

Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը բնական է համարում, որ հետպատերազմյան երկրում պետք է գնաճ լիներ, բայց դրան զուգահեռ, ըստ նրա, պետք է գրանցվեր նաև մարդկանց եկամուտների աճ:

«Եթե մենք գնաճին զուգահեռ ունենայինք նաև աշխատավարձերի բարձրացում, ապա այդ գնաճը նկատելի ու մտահոգիչ չէր լինի, ավելին՝ օրինաչափ կդիտվեր, բայց քանի որ չունենք եկամտի աճ, փոխարենն ունենք զգալի գնաճ, հետևաբար սա բերելու է աղքատության»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Պողոսյանը:

Այն, որ գնաճի հետ մեկտեղ պետք է լինի եկամտի աճ, համաձայն է նաև «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ինչն այս դեպքում, ըստ նրա, կբալանսավորի գնաճն ու եկամուտների աճը:

«Շատ բարդ վիճակում ենք՝ ունենք շատ բարձր գնաճ ու այդ գնաճին խիստ անհամարժեք եկամուտներ, և սա նշանակում է, որ կյանքի պայմաններն էականորեն վատանալու են»,- «Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը:

Մասնագետները քիչ հավանական են համարում, որ այս հանգամանքը կհանգեցնի սոցիալական բունտի, սակայն նշում են, որ այն միանշանակ բերելու է կենսամակարդակի վատթարացման ու աղքատության:

«Ռեալ չէ այդ սոցիալական բունտը, որովհետև դժգոհող զանգվածը չի հավաքվում, ժամանակին փորձել ենք հավաքել մարդկանց, չեն հավաքվել, իսկ դրա փիլիսոփայական բացատրությունը ես չեմ կարող տալ, գուցե մեր յուրահատկություններից է: Բայց այս վիճակը, միանշանակ, բերելու է աղքատության: Տարբեր տվյալներով՝ մեզ մոտ բնակչության 50 տոկոսը կա՛մ աղքատ է, կա՛մ այդ շեմին մոտ է»,- ասում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը վստահ է, որ գնաճն ինքնին չի կարող մեղմվել, դրա համար անհրաժեշտ է մշակել լուրջ ռազմավարական ծրագիր, ինչը նրա համար տեսանելի չէ:

«Կա՛մ պետք է դրսի գործոններն աշխատեն, կա՛մ պետական ողջ ապարատը պետք է անի հնարավորը: Քաղաքականություն ու խաղի կանոններ չսահմանելն անպայման ինչ-որ ժամանակ հետո խնդրի առաջ է կանգնեցնելու: Պոպուլիստական քաղաքականությունը կարճաժամկետ կտրվածքով կարող է արդյունք ապահովել, բայց երկարաժամկետ կտրվածքով այն միշտ խնդրի է հանգեցնում»,- նկատում է Բաբկեն Պիպոյանը:

Պիպոյանի խոսքով՝ պետությունն անգամ չի կարողանում կարգավորել գյուղմթերքի գների հարցը:

Արմեն Պողոսյանը ևս նկատում է, որ գյուղացին զրկված է ընտրության հնարավորությունից ու ստիպված գյուղմթերքը շատ էժան վաճառում է նրան, ով այդ պահին իրենից կգնի ապրանքը, հակառակ դեպքում այն կփչանա:

«Գյուղացիներն այն վիճակում են, որ ստիպված իրենց ապրանքը հանձնում են այն մարդուն, որը գնում է, թե չէ ապրանքը կփչանա, իսկ այդ մարդն էլ ինչ գին ուզում՝ ասում է, բերում թանկով շուկայում վաճառում է: Պետությունը պետք է պայման ստեղծի, որ գյուղացին ընտրության հնարավորություն ու իրավունք ունենա, իսկ գյուղացին չունի այդ հնարավորությունը: Այդ դաշտում մոնոպոլիա է, մթերողներն իրար մեջ պայմանավորվում են, ապրանքը գյուղացուց էժան գնում են, բերում շուկայում եռակի թանկով վաճառում»,- ասում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը:

Բաբկեն Պիպոյանը չցանկանալով առանձնացնել սննդամթերքի ամենաշատ սպառվող տեսակները՝ ընդգծում է, որ այդ ավելի շատը հետաքրքիր է իր էֆեկտներով:

«Տեսնում ենք գյուղատնտեսական ապրանքների մասով գնաճ, հնարավոր է ունենանք գնանկում, օրինակ՝ տավարի մսի պարագայում, որովհետև անասնակերի գինն է շատ բարձր, ու գյուղացին, չնախատեսված, այլ ստիպված մորթելու է տավարը, ինչը շուկայում կբերի գնանկման: Այդ գնանկումից չպետք է ուրախանանք, որովհետև պետք է հասկանանք, որ գարնանը տավարի մսի դեֆիցիտ ենք ունենալու, և կրկնակի գնաճ կարձանագրվի մսի շուկայում»,- ասում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

Գնաճը մեղմելու համար, ըստ մասնագետների՝ պետք են պատկան մարմինների ակտիվ ու նպատակային գործողությունները, ինչը ո՛չ Պիպոյանն է նկատում, ո՛չ Պողոսյանը:

«Համապատասխան քաղաքականության ու ռազմավարությունների փոխարեն՝ տեսնում ենք, որ գնաճին մատների արանքով են վերաբերվում, բովանդակային պրոբլեմի ընկալումն անգամ չկա: Կատակներ եք անում, անցնում առաջ, իսկ եթե լացելու ժամին սկսում ենք կատակներ անել, մենք խնդիրները չենք կարողանա լուծել»,- «Մեդիալաբին» ասում է Բաբկեն Պիպոյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am