«Եթե իշխանությունը նորմերի խախտումներով գնա անցումային արդարադատության, կարող է մեղադրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են քննարկել Հայաստանում անցումային արդարադատություն ստեղծելու հարցը:

Ստորև ներկայացնում ենք Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետեւյալը՝

– ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետեւաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության նկատմամբ.

– ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք.

– ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա.

– Արդյոք երկրում առկա է այն ճգնաժամը, որն առաջացել է հանցագործությունների, զինված բախումների, կամ այլ անօրինական գործընթացների (այդ թվում՝ դատական իշխանության անօրինական գործողությունների) եւ մարդու իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումների արդյունքում, եւ որը իշխանությունը չի կարողանում հաղթահարել այլ եղանակով:

Եթե իշխանությունը կգնա «անցումային արդարադատության» ճանապարհով վերոհիշյալ նորմերի խախտումներով եւ առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին նրա քաղաքական հակառակորդները հնարավորություն կունենան մեղադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով* նախատեսված սահմանադրական կարգը տապալելու արարք կատարելու մեջ:

Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»: