Կանաչ լույս դեպի Ազատության հրապարակ. ընդդիմությունը սպասում է երրորդ պահանջի կատարմանը

Հեղինակ MediaLab

Կանաչ լույս դեպի Ազատության հրապարակ. ընդդիմությունը սպասում է երրորդ պահանջի կատարմանը
Երեւանի քաղաքապետարարանը ապրիլի 26-ին արտոնել է ընդդիմության` ապրիլի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ իրազեկումը:
Այդ կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը համարում է, որ այդպիսով իշխանությունները կատարել են իրենց կողմից առաջադրված երեք պահանջներից եւս մեկը, ինչպես որ մինչ այդ, ըստ Մուսինյանի, կատարել էին մարտի մեկի սպանությունների բացահայտման հրապարակային խոստում տալու հետ կապված իրենց մյուս պահանջը:
«Սակայն, մեր երեք ահանջները ամբողջական փաթեթ են, եւ երեքն էլ պետք է կատարվեն»,- նշեց  Մուսինյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը երեք պահանջ է ներկայացրել իշխանություններին, որոնց պետք է կատարեն մինչեւ ապրիլի քսանութի հանրահավաքը. քաղբանտարկյալների ազատ արձակում, մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության վերաբերյալ պաշտոնական հավաստիացում եւ Ազատության հրապարակում հավաքների անցկացման վրա դրված ապօրինի արգելքի վերացում:

Ազատության հրապարակում հանրահավաքն արտոնելու կապակցությամբ ընդդիմությունն արդեն շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին: «Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը»,- ասված է այդ առիթով Կոնգրեսից տարածված հայտարարության մեջ։

Հիշեցնենք` մինչ այդ էլ, ապրիլի քսանին Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած դատաիրավական բարեփոխումներին նվիրված հավաքի ժամանակ Սարգսյանն անդրադարձել է մարտի մեկի թեմային:

«Բազմիցս ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են եւ, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում: …Պետք է մեկ անգամ եւս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է եւ մեր պետության, եւ մեր հասարակության, եւ նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարեւոր հարց է, եւ ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»,-ասել էր Սերժ Սարգսյանը:

Արման Մուսինյանը, սակայն, այս հայտարարությունն ու Ազատության հրապարակի վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը համարում է պահանջների մասնակի կատարում, քանի որ դեռեւս չլուծված է մնում քաղբանտարկյալների հարցը:

Նրա խոսքով, ընդդիմության հետագա անելիքները եւս պայմանավորված են այն հանգամանքից, թե մինչեւ ապրիլի քսանութը ընդդիմության պահանջները կկատարվեն մասնակի՞, թե ամբողջությամբ:

«Ըստ այն բանի` կկատարվե՞ն մեր բոլոր պահանջները, թե՞ ոչ, Կոնգրեսը կընդունի որոշում, եւ ապրիլի քսանութի հանրահավաքի ժամանակ այդ որոշումը կներկայացնի ժողովրդի դատին»,- նշեց Արման Մուսինյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am