«Որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել»,-ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ անդրադառնալով օրերս Հայկ Մարությանի աղմկահարույց ելույթին ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ աղբյուրի, «ՀԺ»-ի լրագրողը վարչապետին խնդրել է մեկնաբանել ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսքերը՝ սեւերի եւ սպիտակների ճամբարների հետ կապված:
«Մասնավորապես, վարչապետից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Հայկ Մարությանի հայտարարությունը Սերժ Սարգսյանի «որքան ուզեմ՝ կխփեմ» ոճի մեջ չէր, երբ ասում է, որ մեր թիմի դեմ խաղ չկա»,-գրում է «ՀԺ»-ն:
Ի պատասխան Փաշինյանը պատասխանել է.
«Ես կարծում եմ, թյուրըմբռնում կա: Գուցե Հայկ Մարությանն էլ է ընդունել, որ որոշ ձեւակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սեւի ու սպիտակի»: