Բնակիչները զգուշացվել էին, որ պատշգամբը վթարային է. մանրամասներ Տավուշի փլուզումից.Factor

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում փլուզված պատշգամբը 3-ամյա երեխայի կյանք է խլել: Եվս 7 հոգի, այդ թվում՝ 8-ամյա երեխա, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Տուժածներից մեկն էլ տարեց տղամարդ է, նրա վիճակը ամենածանրն է, ունի տարբեր կոտրվածքներ, վաղը նրան Երևան կտեղափոխեն, Factor TV-ի հետ զրույցում ասաց տուժած տղամարդու որդին` Ռուբեն Այվազյանը:

Դեպքի պահին փլուզված պատշգամբում են եղել նաև Ռուբենի կինն ու որդին: Վնասվել է նրա կնոջ աչքը, ով բուժկենտրոնում արդեն բուժօգնություն է ստացել:  Մեր զրուցակցի խոսքով՝ պաշտգամբը հաճախ է օգտագործվել հարևանների կողմից, նստել են, սրճել: Չնայած որ շենքը հին է, առիթ չի եղել կասկածելու, որ մի օր կարող է փլուզվել:

Պատշգամբը մեծ չէ, մոտ 3-4 քմ: Երեխաները չեն վազել, չեն խաղացել, ասում է Ռուբեն Այվազյանը:  Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը Factor TV-ին տեղեկացրեց նաև, որ շենքի պատշգամբը նախատեսված է եղել հրդեհային մուտքի ու ելքի համաև:

Խորհրդային տարիներին շինությունը որպես պանսիոնատ է ծառայել, իսկ հետխորհրդային շրջանում բնակեցվել է անօթևաներով:

Նրանց մի մասը Ռուսաստան են մեկնել, իսկ 7 ընտանիք փաստացի շարունակում է բնակվել այդ շենքում: 7 ընտանիքից 4-ի անդամները դեպքի պահին պատշգամբում են եղել: 3-ամյա փոքրիկը, որը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, ընտանիքի փոքր երեխան էր, ուներ նաև եղբայր:

Դեպքի պահին մայրը և տատիկը կողքն են եղել, հայրը Ռուսաստանում է` արտագնա աշխատանքի: