Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետությանը անհատույց փոխանցել է 18,5 մլն դոլար։ Այս մասին «ՍիվիլՆեթի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։
«ՍիվիլՆեթը» հարցում էր ուղարկել կառավարություն` պարզելու, թե 2018թ․ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությանը գույքի, դրամի և այլնի քանի նվիրատվության խոստում է եղել և ում կողմից, և դրանցից որքանն է արդեն կատարվել։
«Ալեքսանդր Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերի և քննչական գործողություների ժամանակահատվածում վերջինս կամավոր անհատույց փոխանցել է պետությանը 18,5 մլն դոլարին համարժեք գումար»,- ըստ աղբյուրի, ասված է կառավարության պատասխանի մեջ։
«ՍիվիլՆեթը» հիշեցնում է, որ ԱԱԾ քննչական վարչության որոշմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի գույքի նկատմամբ կալանք էր դրվել 2018թ․ հուլիսի 9-ին։