ՀՀ ԱԳ նախարարը «Jigsaw Google»ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է այցելել Հայաստան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել «Jigsaw Google» ընկերության տնօրեն Ջարեդ Քոհենի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն ընդգծել է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտները ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից են, և ներկայացրել է այդ ոլորտների զարգացման հեռանկարները Հայաստանում:

«ԱԳ նախարարը գոհունակությամբ է նշել բարձրտեխնոլոգիական ոլորտի զարգացման համար ՀՀ-ում ստեղծված բարենպաստ միջավայրն ու օտարերկրյա ընկերությունների հետ համագործակցության հաջող փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այդ համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջարեդ Քոհենը քննարկել են հետագա փոխգործակցության հեռանկարները: Հաշվի առնելով «Jigsaw Google»-ի հետաքրքրվածությունը հայկական ՏՏ ընկերությունների հետ համագործակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարն ընկերության ներկայացուցիչներին հրավիրել է այցելել Հայաստան։