«Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում». ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

«Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում». ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
«Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում». ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

1994թ. մայիսի 12-ին հաստատված հրադադարի 20-ամյակի կապակցությամբ Մինսկի խմբի հայտարարությունը` «Սիվիլնեթի» թարգմանությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Այդ համաձայնագիրը վերջ դրեց իսկական պատերազմին, դադարեցրեց նախորդ տարիների ողբերգական բռնությունը և հիմք դարձավ բանակցությունների համար, որոնք կողմերին խաղաղության ճանապարհ առաջարկեցին: Շնորհիվ ձեռք բերված հրադադարի` Հայաստանի ու Ադրբեջանի նոր սերունդը մեծացավ` առանց զգալու պատերազմի սարսափները: Կողմերը պետք է անեն հնարավոր ամեն բան` ապագա սերուդներին նման փորձառությունից փրկելու համար:

Հրադադարի մասին համաձայնագիրը, այդուհանդերձ, չլուծեց խորքային հակամարտությունը: Այն թողեց Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները օկուպացված վիճակում և ձախողեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համար ուղի հարթելու գործը: Վերջնական լուծման բացակայությունը հանգեցրեց հարյուր հազարավոր մարդկանց տեղահանման շարունակությանը, միջազգային սահմանների երկայնքով և շփման գծում բռնության սրացման սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակներում թյուրըմբռնմանը, թե ստատուս քվոն կարող է անորոշ ժամանակով երկարաձգվել:

Կողմերը քիչ պատրաստակամություն են դրսևորել` օգտվելու համանախագահ երկրների առաջ քաշած հնարավորություններից կամ քաղաքական որոշումներից, որոնք անհրաժեշտ են խաղաղության գործընթացում առաջընթացի համար:

Մենք հակամարտության կարգավորման վերաբերյալ միասնական դիրքորոշում ունենք և հավատարիմ ենք կողմերին օգնելու հարցում` հնարավորինս արագ լուծման հասնելու համար` հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, մասնավորապես` այն դրույթների վրա, որոնք վերաբերում են բռնի ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, հավասար իրավունքներին ու ժողովուրդների ինքորոշման սկզբունքին:

Կարգավորումը պետք է ներառի համանախագահ երկրների նախագահների` 2009-2013 թվականներին արած հայտարարություններում ներառված տարրերը, որոնք ներառում են` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ` երաշխավորելով անվտանգությունն ու ինքնակառավարումը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում` իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր տեղահանվածների և փախստականների վերադարձ և միջազգային անվտանգության երաշխիքներ, այդ թվում` խաղաղապահ գործողություն:

Նոյեմբերին մենք տեսանք ամենաբարձր մակարդակով երկխոսության խոստումնալից նորացում: Մենք կողմերին կոչ ենք անում սկսել կառուցողական, բարեխիղճ բանակցություններ, որոնք կհանգեցնեն այս տարրերի վրա հիմնված խաղաղության համաձայնագրի` հակամարտության տևական կարգավորման նպատակով: Նման կարգավորումն անհնար կլինի առանց Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռնման հիմքի: Մենք կողմերին կոչ ենք անում ակտիվորեն հանձն առնել ակտիվացնել երկու ժողովուրդների միջև ծրագրերն ու անվտանգության և վստահության ամրապնդմանը նպաստող գործընթացները` խաղաղության գործընթացն ամրապնդելու համար:

Հայերն ու ադրբեջանցիներն արժանի են ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում, և մենք պատրաստ ենք օգնել նրանց: Կողմերը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն խաղաղության համար: Երբ նրանք դա անեն, այն կլինի ԵԱՀԿ և միջազգային հանրության լիակատար աջակցությամբ»:

© Medialab.am