Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր դատավարության ժամանակ խոսելով Ուկրաինայում Ռուսաստանի կողմից պատերազմ սկսելու մասին՝ ասել է, որ Մոսկվայի նպատակը «ուկրաինական պետության վերացումն է», գրում է Aliq.ge-ն։
Սաակաշվիլիի խոսքով, ինչ էլ որ անի Ռուսաստանը, այս գործընթացը կհանգեցնի Ռուսաստանի «փլուզմանը»։
«Ռուսաստանը պատերազմ է հայտարարել ամբողջ աշխարհին, և աշխարհը պատժում է նրան այնպես, ինչպես նախկինում ոչ ոք չի արել»,- ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով Ուկրաինայի քաղաքացի է, կալանքի տակ է անցած տարվա հոկտեմբերից։
—————————————————————————————————————
Ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինան «ապառազմականացնելու» «հատուկ գործողության» մասին։ Առավոտից հաղորդվում է մայրաքաղաք Կիևում և այլ խոշոր քաղաքներում պայթյունների, կրակոցների մասին։
Նշենք նաև, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Դոնբասի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Միջազգային հանրությունը մեծամասամբ դատապարտում է պաշտոնական Մոսկվայի այդ քայլը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 24-ին ողջ երկրի տարածքում ռազմական դրություն է հայտարարել, նա հաստատել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում ուկրաինական ռազմական և սահմանապահ ենթակառուցվածքների վրա։