«Նախորդ ռեժիմին պետք է քաղաքական գնահատական տալ»․ Անդրիաս Ղուկասյան

Անցումային արդարադատության հարցը չպետք է դիտարկել զուտ դատավորների վեթինգի շրջանակներում։ Դատական համակարգի վերաբերյալ հանրության վստահությունը կվերակագնվի, երբ հանրությանը տեսանելի կլինի, որ ամբողջ իրավապահ համակարգն իսկապես բարեփոխվել է։ Իսկ դա պետք է նախ և առաջ լինի քաղաքական գնահատականից հետո։

Այս մասին այսօր Ազգային ժողովում անցումային արդարադատության մասին լսումների ժամանակ ասաց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
«Պետք է լինի քաղաքական գնահատական, որ երկրում եղել է ռեժիմ, և երկրի իրավապահ համակարգը շեղվել է օրինական ճանապարհից։ Մինչև այդ քաղաքական գնահատականը չլինի, դժվար է խոսել թե վեթինգի, թե լյուստրացիայի, թե ցանկացած անցումային արդարադատության մասին»,- ասաց Ղուկասյանը։
Նա նաև հարց բարձրացրեց, թե թե ի՞նչ է լինելու Հայաստանում շինծու քրեական գործերի ճակատագիրը։
«Շինծու քրեական գործերն այն գործերն են, որոնք հարուցված են կեղծ ապացույցների ու սուտ ցուցմունքների հիման վրա։ Ես այսօր ամբաստանյալ եմ, ես մեղադրվում եմ երկու ծանր և երկու առանձնապես ծանր հանցագործությունների մեջ առ այսօր։ Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ  հեղափոխություն, քրեական հետապնդումն իմ նկատմամբ շարունակվում է։ Սա խոսում է այն մասին, որ մեր իրավապահ համակարգում չկա կամք՝ շինծու քրեական գործերը վերանայելու։ Եվ պարզ է, թե ինչու չկա այդ կամքը, որովհետև այդ կամքը ենթադրոմ է, որ պետք է կիրառվեն ապօրինի ազատազրկման մասին նորմերը։ Տասնյակ մարդիկ պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվեն, որովհետև դա հենց այնպես բան չէ՝ կեղծել ապացույցներ, սուտ ցուցմունքներ տալ»,- ասաց նա։
Ղուկասյանը նշեց, որ պետք է ստեղծվեն ճշմարտության հանձնաժողովներ։ «Բայց դրանք երբ են պետք դառնում, երբ չկա այդ կամքը՝ եղած մեխանիզմների շրջանակներում ինքնուրույն բացահայտել, կասեցնել այն բոլոր հանցագործությունները, որոնք կատարվել են անցյալում»,- հավելեց նա։