Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր, ու ՌԴ-ն աջակցում է խաղաղ կարգավորմանը. Պուտին

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է համարում. Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, նաև սահմանազատմանը և սահմանային խնդրի ամբողջական կարգավորմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք: Հարցն այն է, թե որ տարբերակն ընտրել. սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է»,- ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն: Ըստ Պուտինի՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում:

«Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, ապա, խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է:

Բայց, անխոս, պետք է բանակցել Ադրբեջանի հետ»,-ասել է Պուտինը՝ անհրաժեշտ համարելով, որ պայմանավորվածությունները ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է: «Մենք ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- նշել է ՌԴ նախագահը։