«Ո՞ւմ շուրջը միավորվել, մի իշխանության, որը բացի ռուս խաղաղապահներին սպասելուց ուրիշ բան չի՞ կարողանում անել». Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

 – Պարո՛ն Հակոբյան, Լաչինի միջանցքում այս պահին ի՞նչ իրավիճակ է: Հայաստան-Արցախ կապող միակ ճանապարհն առավոտից շարունակվում է փակ մնալ:

– Ադրբեջանը կրկին անում է այն, ինչ ցանկանում է: Նրա կարծիքով՝ սա բերելու է նրան, որ Արցախը հայաթափվի, և, խախտելով բոլոր տեսակի նորմերը՝ ընդունված և չընդունված, գնում է ամեն քայլի: Գրեթե 5-6 ժամ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ու սա ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, որովհետև սա միակ սնուցող ճանապարհն է, որից մենք օգտվում ենք: Բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդիկ այսօր ճանապարհին սպասում են, թե երբ Ադրբեջանը կբարեհաճի բացել ճանապարհը:

– Ադրբեջանի այս գործողություններն ինչի՞ հետևանք են, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված է, որ Հայաստան-Ադրբեջան անխափան կապը պետք է ապահովվի:

 – Սա հետևանք է Հայաստանի իշխանության ղեկավարի ոչ հայանպաստ գործողության, հետևանք է նրան, որ այդ եռակողմ հայտարարության մի կողմը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, ընդհանրապես հետաքրքրված չէ Արցախի կարգավիճակի ու հիմնախնդրի լուծմամբ:

Երկու տարի շարունակ, երբ հայտարարում էինք, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից, ապացուցվեց օրեր առաջ, ու նաև այսօր է ապացուցվում մեր խոսքը: Ոչ մի գործողություն, միջնորդություն Հայաստանի իշխանություններից չկան, արդեն 6 ժամ շարունակ փակ է ճանապարհը, խախտվում է եռակողմ այդ հայտարարությունը, ու որևիցե գործողություն Նիկոլ Փաշինյանի կողմից չկա: Ա՛յ սրա հետևանքն է Լաչինի միջանցքի փակ լինելը:

– Իսկ Արցախի իշխանության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, պարո՛ն Հակոբյան:

– Գրեթե նույնատիպ Արցախի իշխանության գործողություններն են: Իրենք էլ հայտնվել են մյուս ծայրահեղության մեջ, երբ իրենց թվում է, թե Լաչինի միջանցքի անխախտ երթևեկությունը միայն ռուս խաղաղապահների տիրույթում է, ու իրենք կրավորական տեսքով, լուռ նստած սպասում են, թե երբ պետք է ռուս խաղաղապահները բացեն ճանապարհը:

– Ըստ էության, այդ կարծիքին են նաև Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, որովհետև ասում են, որ դրա համար պատասխանատու են առաջին հերթին ռուս խաղաղապահները: Այս պարագայում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Ամբողջ խնդիրն այն է, որ Արցախի հարցի խնդրից հայկական կողմը ձեռքերը լվացել է ու պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է ռուսական կողմի վրա: Հայկական կողմին թվում է, թե իրենց համար պետք է պայքարի ու բանակցի ռուսական կողմը: Այստեղից առաջանում է տրամաբանական հարց. եթե այս խնդիրը պետք է լուծվեր Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, ինչո՞ւ է նաև հայկական կողմի ստորագրությունը դրվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ:

Ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հարգում նույնիսկ իր ստորագրությունը ու չի պայքարում իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար: Եթե հայկական կողմը որևէ քայլ չի անում, բնական է, որ նման իրավիճակի անընդհատ բախվելու ենք. ադրբեջանցիները կփակեն, ռուս խաղաղապահներն էլ կփորձեն բացել, թե քանի՞ օրում ու ինչպես կբացեն՝ կախված է երկուստեք ձեռք բերվող պայմանավորվածությունից:

– Պարո՛ն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ «Բաքուն Լեռնային Ղարաբաղում երեք սցենարով ցեղասպանություն է նախապատրաստում», և որ «Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է»: Այսպիսի հայտարարությունները որքանո՞վ կարող են իրավիճակը փոխել, և, ըստ ձեզ, սրան կհետևի՞ գործնական որևէ քայլ:

– Ո՛չ, որովհետև դրանք սոսկ հայտարարություններ են հայտարարության համար, իսկ իրավիճակն արդեն այն փուլում է, որ միայն հայտարարություններով որևէ բան փոխել անհնար է: Ի տարբերություն հայկական կողմի՝ թշնամին իր հայտարարությունները զուգորդում է համապատասխան գործողություններով: Հայկական կողմը լղոզված, ինչ-որ համամարդկային, միջազգային նորմերի ու իրավունքների վրա հենվելով հայտարարություններ է անում, որը հողի վրա որևէ օգուտ չի տալու հայկական երկու պետությանն էլ:

Ինչի մասին է խոսքը. այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է անում, թշնամին փակել է Լաչինի միջանցքը: Հայտարարությանը պետք է հետևի գործողություն, ի վերջո, ոչ միայն Արցախից դեպի Հայաստան ճանապարհն է փակ, այլ նաև Հայաստանից դեպի Արցախ ճանապարհը: 6 ժամ ունենալ փակված ճանապարհ ու որևէ գործողություն չտեսնել իշխանությունների կողմից, ընդ որում՝ երկուստեք, ոչ այլ ինչ է, քան փակել Արցախի հարցն ու ձեռքերը լվանալ դրանից:

– Արցախում ի՞նչ իրավիճակ է, որովհետև նախագահ Հարությունյանը իր հայտարարության մեջ համախմբման ու պառակտումից զերծ մնալու կոչ էր անում նաև:

– Եթե այսօր կա մի բան, որը չի հասկանում Արցախի բնակչությունը, դա հանրապետության նախագահի ու իշխանության գործելաոճն է, ինչն իսկապես անհասկանալի է, որովհետև երբ փակվում է երկիրը սնուցող միակ զարկերակը, իսկ այդ պարագայում իշխանությունը նստած սպասում է, թե ինչ են անելու ռուս խաղաղապահները, մարդկանց մեջ զարմանք, տարակուսանք ու զայրույթ են առաջացնում: Արցախահայությանն այսօր միասնականության կոչ անելու խնդիր չկա, որովհետև ժողովուրդը միասնական է, բայց հարց է՝ ո՞ւմ շուրջը միավորվել, մի իշխանության, որը բացի ռուս խաղաղապահներին սպասելուց ուրիշ բան չի՞ կարողանում անել, ինչի՞ շուրջը համախմբվել:

– Իրավիճակից դուրս գալու ի՞նչ ելք եք տեսնում, ինչ-որ գործողությունների նախապատրաստվո՞ւմ եք դիմել, պարո՛ն Հակոբյան:

– Այս պահին դեռ բոլորիս մեկ հարց է անհանգստացնում՝ որքա՞ն է տևելու ճանապարհի փակ լինելը, սակայն Արցախի իշխանությունները պետք է կարողանան մեջքներն ուղղել ու իրենց պահել իշխանության նման: Եթե չունեն այդպիսի հնարավորություն, ապա Արցախը պետք է ղեկավարի այնպիսի իշխանություն, որը կկարողանա ցույց տալ, որ Արցախն իսկապես պետություն է, ոչ միայն թղթի վրա, այլ նաև իրականում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am