ԱԺ կողմից ընդունվելիք հայտարարությունը պետք է պարունակի այն ուղերձները, որը պարունակում է պաշտոնական դիվանագիտությունը. Կոնջորյան

ՀՀ ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորներին չի հաջողվել համաձայնության գալ և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված ԱԺ մեկ միասնական հայտարարության նախագիծ ներկայացնել արտահերթ նիստում: Այսպիսով, նիստում կքննարկվի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Շրջանառվել էր հայտարարության 2 նախագիծ, մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, մյուսը՝ ընդդիմադիրների: Մենք մեր ընդդիմադիր գործընկերներին առաջարկեցինք գնալ մեկ հայտարարության նախագծով և ի նշան միասնականության՝ ԱԺ-ն այսօր քննարկեր մեկ նախագիծ, մենք մեկ միասնական ուղերձ հղեինք միջազգային հանրությանը: Այդ հայտարարության նախագիծը, որպես գործիք, պետք է ուղղված լինի միջազգային հանրությանը: Սակայն, մեր ընդդիմադիր գործընկերները չտվեցին իրենց համաձայնությունը: Նիստը պետք է կայանար մեկ նախագծով, հետևաբար, մենք կողմ քվեարկեցինք մեր նախագծին, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քննարկվի ԱԺ ՔՊ խմբակցության առաջարկած նախագիծը»,-ասաց Կոնջորյանը:

Իշխանական պատգամավորները չեն մասնակցել ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծի քվեարկությանը:

Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իշխանականները պատրաստ էին նաև ընդդիմության նախագծին միանալ: Կոնջորյանը շեշտեց, որ այդ մասին դեռ նախորդ օրը նրանց ներկայացրել է: Իշխանականները որոշ դիտարկումներ են ունեցել, ընդդիմության համար դրանք ընդունելի չեն եղել:

«Կան որոշ դրույթներ, որոնք այս պահին ՀՀ կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության գործիքակազմի մեջ չեն մտնում: Եվ հարկավոր է, որ խորհրդարանի կողմից ընդունված հայտարարության նախագիծն ու ուղերձները, որպես գործիք, համապատասխանեն այն ուղերձներին, որոնք պաշտոնական դիվանագիտությունն ուղարկում է միջազգային հանրությանը: ԱԺ կողմից ընդունվելիք հայտարարությունն ու ուղերձներն իրենց գործիքակազմով պետք է համընկնեն ու սինքրոն լինեն արտաքին քաղաքական գերատեսչության կողմից իրականացվող պաշտոնական արտաքին քաղաքականության հետ և պետք է պարունակեն այն ուղերձները, որը պարունակում է պաշտոնական դիվանագիտությունը: Այս պարագայում մենք ոչ թե կարգավիճակից ենք բխեցնում ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները, այլ ԼՂ հայության անվտանգության իրավունքներից ենք բխեցնում կարգավիճակը»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Կոնջորյանը նշեց, որ սրանից ելնելով՝ գտնում են, որ ԼՂ հարցի լուծման լավագույն մեխանիզմը կլինի Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը, և դրա համար հայկական կողմը շարունակում է ջանքեր գործադրել՝ գտնելու միջազգային մեխանիզմներ՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսություն իրականացնելու համար:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներբնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվումանչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: