Ռուսաստան արտագաղթած հայաստանցիների թվի շուրջ անճշտությունները. Fip.am

Ռուսաստան արտագաղթած հայաստանցիների թվի շուրջ անճշտությունները. Fip.am
Ռուսաստան արտագաղթած հայաստանցիների թվի շուրջ անճշտությունները. Fip.am

Հայկական լրատվական կայքերում հուլիսի 23-ին հրապարակվեցին տեղեկություններ Հայաստանից Ռուսաստան արտագաղթածների թվաքանակի աճի մասին։ Սակայն հրապարակումների մեջ որոշ թվեր կա՛մ սխալ են ներկայացված, կա՛մ չեն համապատասխանում մեջբերված աղբյուրներին։

Ի՞նչ են ասում հայկական լրատվականները

 

News.am կայքում հրապարակված«Հայաստանից Ռուսաստան ներգաղթողների թիվը կտրուկ ավելացել է» գլխագրով հոդվածում նշվում է, որ «2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 49 հազարով»։ Հոդվածում հղում է կատարվում Գայդարի անվան տնտեսական քաղաքականության ինստիտուտին։ Հոդվածում նաև վկայակոչվում է Economy Times առցանց պարբերականը։ 

Tert.am կայքն էլ նմանատիպ հոդված է հրապարկել՝ կրկին հղում կատարելով Գայդարի ինստիտուտին։ Սակայն այստեղ արդեն նշվում է. «2019 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է մեկնել 12 800 մարդ՝ 2018 թ.-ի 4900-ի համեմատ: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Ռուսաստան է ժամանել Հայաստանի 49 000 քաղաքացի»։ Tert.am-ը հղում է տալիս նաև «Իզվեստյա» թերթին, որի հոդվածում Հայաստանի մասին միայն նշվում է, որ ամենաշատը հենց մեր երկրից և Ուկրաինայից են ներգաղթել Ռուսաստան։ 

Armtimes.com-ի հոդվածում ևս նշվում է, որ «2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների թիվն ավելացել է 12 հազարով»։ 

Ռուսական աղբյուրները

Economy Times առցանց պարբերականի հոդվածում կա Հայաստանին վերաբերող երկու աղյուսակ։ Առաջին աղյուսակում նախկին խորհրդային երկրներից Ռուսաստան գաղթած բնակիչների թվերն են՝ ըստ տարիների։ Ըստ պարբերականի, 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտագաղթել է 12 800 ՀՀ քաղաքացի։ 2018-ի նույն ժամանակահատվածում ՌԴ է գաղթել 4 900 ՀՀ քաղաքացի։ 

Երկրորդ աղյուսակում տրված է ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը հունիսի 1-ի դրությամբ՝ ըստ տարիների։ Եթե 2018-ի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում բնակվում էր 504 835 ՀՀ քաղաքացի, ապա 2019-ի հունիսի 1-ի դրությամբ՝ 491 767։ 

Այսինքն, ՀՀ քաղաքացիների թիվը ՌԴ-ում չի ավելացել 49,000-ով, և անհասկանալի է մնում է, թե որտեղից է վերցված այդ թիվը։ Իրականում, 2019-ի հունիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիների թիվը 13,068-ով ավելի քիչ է՝ անցած տարվա նույն օրվա համեմատ։

Ինչ վերաբերում է 12,800-ին, ապա դա ոչ թե Հայաստանից Ռուսաստան մեկնածների քանակն է, այլ Ռուսաստան մեկնածների և ժամանածների տարբերությունը՝ միգրացիոն սալդոն։ Այսինքն, 2019-ի հունվար-ապրիլ ամիսներին ՌԴ է ժամանել 12,800-ով ավելի ՀՀ քաղաքացի, քան մեկնել Ռուսաստանից։ 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին այդ թիվը 4,900 է եղել, այսինքն՝ 2.6 անգամ պակաս։ 

Հովհաննես Նազարեթյան

www.Fip.am