Իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով. Ռոբերտ Քոչարյան 

Կարծում եմ՝ իշխանության հարցը կորոշվի փողոցում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով

Գոլոս Արմենիին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է Factor.am-ը:

«Կառավարման այս որակով այս իշխանությունը երկար չի դիմանա և վերընտրվելու հեռանկարներ չունի: Ընդ որում՝ ընտրողը կուշտ կլինի պոպուլիստներից և ավելի ուշադիր կլինի իր ընտրության հարցում: Սովորաբար ձախողված պոպուլիստներին փոխարինում են փորձառու, կրթված և հավասարակշված պրագմատիկները, այդպիսին է քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Թարմ օրինակ են Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նա հայտարարել է, որ պետական ապարատը սպասարկում է ոչ թե երկրի զարգացման ծրագրերը, այլ «մեկ մարդու բնազդներն ու քմահաճությունները, որ բխում են նրա չափազանց պարզունակ աշխարհընկալումից»:

«Այսինքն՝ ընդդիմադիր դաշտում համախմբման հողն ավելի քան նպաստավոր է: Բայց չեմ կարծում, որ անմիջապես համախմբման մեկ կենտրոն կձևավորվի: Ենթադրում եմ, որ ձգողականության տարբեր ուժ ունեցող կենտրոնները մի քանիսը կլինեն, բայց նրանց միջև ակտիվ փոխգործակցություն կլինի: Ընդ որում՝ հենց այնտեղ կկենտրոնանա հասարակության քաղաքականապես ակտիվ և ինտելեկտուալ հատվածը: Այդ գործընթացում ես կարևոր օղակ կլինեմ, բայց ամենևին ոչ միակը: Երկրին առողջ ուժերի լայն համախմբում է անհրաժեշտ»,- ասել է նախկին նախագահը: Այդ գործընթացը, ըստ Քոչարյանի, կհանգեցնի նաև խորհրդարանական ընդդիմության արմատականացմանը, հակառակ դեպքում այն կկորցնի իր ընտրազանգվածը. «Աշնանը ընդդիմադիր դաշտում գործընկերության համախմբումն ու ձևավորումը կավարտվի, և քաղաքական պայքարը կստանա համակարգային և մասշտաբային բնույթ»:

Անդրադառնալով Արցախում նախանշված ընտրություններին, Հայաստանից «հեղափոխության արտահանման» և արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների հնարավորությանը՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Հուսով եմ՝ նման բան տեղի չունենա, չնայած Հայաստանի իշխանությունների համառ ջանքերին: Արտահերթ ընտրությունները սովորաբար արտացոլում են ներքաղաքական ճգնաժամը, որի նախանշաններն Արցախում հաստատ չկան: Այնտեղ ճգնաժամ հրահրելն անպատասխանատու է, այն ազգային շահերին դավաճանություն կլինի: Արցախցիները պետք է հաստատակամություն դրսևորեն և մերժեն ապակառուցողական միջամտության ցանկացած փորձ»: