Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ. պետության քիթը՝ «հերոսի» գրպանում

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Եվ այսպես, մինչև այս տարվա մայիս ամիսը ավելի քան 700.000 անձ պետք է առցանց հայտարարագրի իր եկամուտները։ Չանելը հղի է տարբեր տեսակի տուգանքներով և ապագայում գուցե ավելի խիստ պատժամիջոցներով։ Ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր բարձր ձայնով հայտարարում՝ «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու․․․»: 

Թե ինչպես և ինչ միջոցով դա կարելի է անել՝ ՊԵԿ-ը բացատրում է իր պաշտոնական կայքում, անգամ ունի պատրաստած տեսահոլովակ։ 

Արտերկրից ստացված գումարները նույնպես պետք է հայտարարագրել, բայց դրանք ԴԵՌ չեն հարկվի։ Բանալի բառը «դեռ»-ն է, քանի որ այդ օրն էլ է գալու։ Դա ենթադրություն չէ, դրա մասին նույնպես խոսվել է։ 

Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրը նաև այն է, որ համընդհանուր հայտարարագրմանը զուգահեռ ՀՀ Ազգային ժողովը 2024-ի փետրվարի 28-ին փոփոխություններ կատարեց «Հարկային օրենսգրքում լրացումների և փոփոխությունների մասին» օրենքում։ 

Արդյունքում՝ Պետական եկամուտների կոմիտեն հասանելիություն ստացավ քաղաքացիների բանկային հաշիվներին։ Այսպիսով յուրաքանչյուրիս բանկային հաշվի քաղվածքը ցանկացած պահի կարող է հայտնվել ՊԵԿ աշխատակցի ձեռքին։ Բանկային գաղտնիքի մասին լսե՞լ էիք։ Ո՛չ։ 

Իհարկե իշխող էլիտայի ներկայացուցիչները պնդում են, թե ամեն ինչ արվում է հանուն մեր բարօրության։ Այս մեխանիզմներով նրանք կկարողանան թիրախային օգնություն մատուցել կարիքավորներին, թիրախային գտնել օրինազանցներին, կանխել ահաբեկչությունները և բռնել սև շուկայի պոչը։ 

Բայց մարդկության քաղաքական պատմության ընթացքին մի քիչ երկար նայողը կզգա, որ այստեղ մի բան այն չէ։ Ամեն անգամ, երբ մարդկանց մի խումբ ուզում է վերահսկել մյուս խմբին, դա հաճախ բացատրում է հոգատարությամբ և խնամքով։ Բայց եթե լուրջ խոսենք, եթե դիմացինդ անչափահաս չէ, այդ խնամքը նրան պետք չէ։ 

Հին աշխարհում և Ամերիկայում ստրուկներին հաճախ չէին ազատում՝ դա բացատրելով նրանով, թե առանց տիրոջ նրանք կկորչեն, դա իբր հոգատարություն էր։ Կանանց արգելվում էր սովորել, մասնակցել տնտեսական և քաղաքական գործընթացին, և մինչ օրս որոշ երկրներում արգելվում է, ու դա բացատրվում է բացառապես այսպես կոչված «հոգատարությամբ»։ 

Հոգատարության ու անվտանգության անունից երկրիս երեսին բազում հանցագործություններ են կատարվել, որոնց մեծ մասը երևի թե այդպես էլ մնա անհայտ։ Ինչևէ, եթե գումարենք մեր բանկային հաշիվներին ստացած պետական հասանելիությունը նույն պետության՝ ամենուր տեսախցիկներ տնկելու անհագուրդ ցանկության հետ, կարծում եմ, հասկանալի է, թե ուր են գնում մեր քաղաքական էլիտաները։ 

Ի դեպ հիշեցնեմ, որ ըստ նախնական առաջարկված օրինագծի՝ տեսախցիկները պետք է տեղադրեին անհատ ձեռներեցները, բայց ոստիկանությունը պետք է դրանց հասանելիություն ունենար։ Այսինքն՝ անգամ տեղադրելու հարցը ուզում էին այլոց հաշվին անել։ Այս պահին այս օրինագծից դեռ, ժողովրդի լեզվով ասած, ձեն-ձուն չկա, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ թարմացված օրինագծի մասին շուտով կլսենք։ 

Հիմա, իհարկե, պարզ է դառնում, թե ինչի մասին էին բոլոր այս զրույցները՝ «հարկատուն հերոս է» օրորոցայինը, որը երգվում է ժողովրդի ականջին, իր գլխի տակ այս հաշվետվության համակարգը դնելու համար։ 

Անկեղծ ասեմ, ես միայն կողմ եմ քաղաքացի-պետություն ուղիղ կապին, ուղիղ հարաբերություններին։ Նման մի համակարգ միանշանակ մեզ պետք է։ Բայց այն կառուցելիս պետք է հակակշիռ ինստիտուտներ էլ ունենալ։ 

Իրավապաշտպան ուժեղ կազմակերպություններ, ԱՆԿԱԽ արդարադատություն, որը մենք այսօր չունենք։ Վոթս ափով մարդկանց գործից ազատելու նախադեպը ձեզ օրինակ։ Ոչ կոռումպացված ուժային համակարգ, ի վերջո, և խոսքը միայն առձեռն կաշառքի մասին չէ, այլ խնամի-ծանոթ-բարեկամ և «շեֆ ջան» մշակույթի մասին, որը, այո՛, ոչ միայն դեռ կա, այլև իրեն շատ լավ է զգում։ 

Հիմա, հաշվի առնելով այն, որ մենք վերը նշվածը չունենք, բայց ունենք մեր բանկային հաշիվների մեջ քիթը մտցնելու իրավունք, ինչպես նաև, հավանաբար,, կունենանք քաղաքում մեր ֆիզիկական շարժը վերահսկելու իրավունք, կա՞ ինչ-որ մեկը այս երկրում, որ կարող է ինձ կամ ձեզ հարյուր տոկոսանոց երաշխիք տալ, որ այս բանկային գաղտնիքները չեն օգտագործվելու իշխող էլիտաների կողմից քաղաքական հակառակորդներին ճնշելու, բիզնես հակառակորդների մասին «լևի» տեղեկություն կորզելու, տարբեր չինովնիկների կողմից իրենց նեղ անձնական շահերը առաջ տանելու, ինչու չէ, պետք եղած մարդկանց այս տեղեկությունները վաճառելու կամ պարզապես տալու նպատակով։ 

Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ մեր տվյալները շատ մեծ հավանականությամբ կարող են դառնալ համապատասխան պաշտոններում նստած մարդկանց ձեռքին բիզնես, քաղաքական և անձնական զենք։ Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ դա հնարավոր չէ։ Կամ՝ լավ, իդեալական համակարգ ոչ մի տեղ չկա։ Նման քայլեր անող մարդկանց ինչպե՞ս ենք պատժելու։ Հնարավորություն կա՞։ 

Չկա։ Կոստյումով և լուրջ դեմքով արված «երդվում ենք, մենք ազնիվ ենք»-ը այս դեպքում չի աշխատում։ Չկան մեխանիզմներ, հետևաբար ամենաբարի ցանկությունների դեպքում անգամ դուք ստեղծում եք երկկողմանի սուր, որը որոշակի օգուտի կողքին բերելու է մեծագույն վնասներ, այո՛, հենց ժողովրդավարությանը։ 

Քանի որ ժողովրդավարությունը միայն լեգիտիմություն ունեցող իշխանությունը չէ։ Դա իրար հակակշռող ինստիտուտների հավասարակշռությունն է, որոնք մեկը մյուսին վերահսկում են։ 

Երբ վերահսկողությունը վերևից ներքև է, բայց ոչ հորիզոնական։ Երբ չկան ինստիտուտներ, այլ դրանց իմիտացիան է, որը փաստացի իշխանական բուրգի մաս է։ Երբ Ազգային ժողովում չունես դաշինքներ, քանի որ ունես երաշխավորված մեծամասնություն, ապա նման ժողովրդավարությունը քաղաքական տերմինների բացատրական բառարանում կոչվում է ավտորիտարիզմ։ Եվ նման ռեժիմի առաջնորդի փոխադրամիջոցը այս դեպքում ոչ մի դեր չի խաղում։ 

Այսպիսով՝ հայտարարագրման գաղափարը փաթեթավորված է արդիականությամբ և ժողովրդավարությամբ, բայց թե այն իրականում ինչ կբերի մեր հասարակությանը, ցույց կտա ժամանակը, կամ․․․ ամենուր տեղադրված տեսախցիկները։ 

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am