Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքի ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է Երևանին աղբատար մեքենաներ նվիրաբերած ընկերություններին:
Երևանի քաղաքապետարանը հրապարակել է նվիրատուների ցանկը:
Երևանին աղբատար մեքենաներ են նվիրաբերել հետևյալ ընկերությունները՝ Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան, «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, «Էյչ բի Էմ գրուպ»:
Խաժակյանն ասաց, որ «Ն և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն կառուցապատող ընկերություն է: «Եվ մենք փորձելու ենք ստանալ այս կազմակերպությանը տված շինթույլտվությունը, փորձելու ենք հասկանալ, թե երբ են այս մեքենաները նվիրվել: Իմ պնդումը հետևյալն է՝ քաղաքապետարանին նվիրել են այս Կամազները՝ շինթույլտվության դիմաց»,- հավելեց նա:
Այս նվիրատվությունները թաքցվել են հասարակությունից: Բուն խնդիրը ոչ թե այն է, որ համայնքն ստացել է նվերներ, այլ այն է, որ դրանք թաքցվել են քաղաքապետարանի կողմից: «Եվ դրանք ոչ թե անհատույց նվերներ են, այլ կոնկրետ բանի դիմաց»,- ասաց Խաժակյանը: