Պատերազմ խաղաղության մեջ. «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»

Պատերազմ խաղաղության մեջ. «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»
Պատերազմ խաղաղության մեջ. «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք»

 
Ցավը, խղճահարությունը, կարծրատիպերը, ինքնասիրությունը… Արևիկ Պետրոսյանը մտածում էր` երբեք չի կարողանա դուրս գալ ճահիճից, որը կյանքը նախապատրաստել էր իր համար:
«Գիտե՞ք` սկզբից ինչքան դժվար էր: Օրինակ` իմ ծնողները սկզբում չէին ուզում, որ ես տանից դուրս գայի, որ ինձ այս վիճակում դրսում չտեսնեն,- պատմում է նա: – Նայում էին ինձ խղճահարությամբ, յուրաքանչյուրն իր պարտքն էր համարում ինձ խղճալ… հոգեբանորեն շատ դժվար էր: Եվ քեզ ստիպում ես տանդ շեմն անցնել, դուրս գալ փողոց և այնտեղ անընդհատ հանդիպել խղճահարության»:
1992-ի փետրվարն էր: Այդ օրը Ստեփանակերտը 24 ժամ ռմբակոծում էին մի քանի կողմերից: Հենց այդ օրն էլ լիովին փոխվեց երիտասարդ Արևիկի կյանքը:
«Արևոտ եղանակ էր: Մեջքով կանգնած էի դեպի դրսի պատուհանը, երբ գրադի արկը հարվածեց բակի փոքրիկ երկաթյա շինության տանիքին: Ու քանի որ այնտեղ երկաթները շատ էին, հետևաբար` նաև բեկորները շատ եղան, որոնք տարածվել էին ողջ շենքով,-հիշում է Պետրոսյանը,- ցերեկվա ժամը մեկի կողմերն էր, լավ հիշում եմ»:

Ողնուղեղի բեկորային վնասվածք ախտորոշմամբ` 21-ամյա Արևիկին տեղափոխեցին հիվանդանոց:

Ստեփանակերտի հոսպիտալի սենյակներում, միջանցքներում վիրավորներ, հիվանդներ և ներս ու դուրս անող սպիտակ խալաթավոր բժիշկներ: Արևիկ Պետրոսյանը հիշում է, որ այդ օրը հոսպիտալի միջանցքներում նույնիսկ ազատ տեղ չկար: Իսկ երբ բժիշկը մոտեցավ ու տեսավ իր վիճակը, միանգամից հրաժարվեց որևէ միջամտությունից` խորհուրդ տալով «իսկույն Երևան տեղափոխել»:

Անբարենպաստ պայմանների պատճառով Երևան տեղափոխությունը հետաձգվեց մեկ շաբաթով, իսկ հետո երկար ճանապարհն էր ու վիրահատությունը:

«Վիրահատությունից հետո ընդհանուր անդամալուծություն էին կանխատեսում, որ չեմ կարողանալու քայլել, որ կմնամ սայլակի վրա: Սկզբնական շրջանում սայլակի վրա էի, իհարկե: Իսկ ոտքի կանգնեցի մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը: Այդ օրը բժիշկս եկավ և ասեց` ոտքի´ կանգնի, ղարաբաղցի´, այսօր Շուշին են ազատագրել, և դու պիտի ոտքի կանգնես այսօր»,- հուզմունքը հպարտությամբ խեղդելով հիշում է Պետրոսյանը:

«Ես շատ նիհարել էի այդ ժամանակ, և երբ փորձեցի ոտքի կանգնել, նույնիսկ քամուց ճոճվեցի: Բայց ամեն դեպքում ահագին քայլեցի, պտույտ գործեցի Օրբելի հիվանդանոցի շուրջը: Հետո գնալով արդեն քայլքս բացվեց…»:

1993-ին Ղարաբաղ վերադառնալուց հետո Պետրոսյանը մի քանի տարի շարունակ վերականգնողական կուրսեր անցավ: Ասում է, որ այդ ընթացքում շատ էր կարդում, զբաղվում ինքնազարգացմամբ, հասարակական ակտիվ գործունեություն ծավալում:

Չնայած դժվարություններին` Արևիկ Պետրոսյանը կարողանում է հաղթահարել բարդ իրավիճակը և նոր էջ բացել իր կյանքում:

Էությամբ պայքարող և հաստատակամ Արևիկ Պետրոսյանի` պատերազմի վկա առաջին կարգի հաշմանադամության մասին հուշում է միայն ձեռնափայտը, և շատերը չեն էլ հավատում, որ ժամանակին բժիշկները կասկածում էին, որ նա անգամ կարող է քայլել:

Ներկայումս 41-ամյա Արևիկ Պետրոսյանն արդեն հայտնի հասարակական գործիչ է, Լեռնային Ղարաբաղի ԱԺ պատգամավոր, Արցախի պետական համալսարանի դասախոս, 2000-ից սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրներով զբաղվող «Վիտա» ՀԿ նախագահ:

«Ես մասնագիտությամբ պատմաբան եմ, մինչև պատերազմն աշխատել եմ իմ մասնագիտությամբ` դասավանդել եմ: Հետո [2000 թվականից հետո] Բելգիայի MSF-ի հոգեբանական դասընթացներն եմ ավարտել և ասպիրանտուրա ընդունվել եմ արդեն որպես հոգեբան: Բայց դեռ դպրոցական տարիներից միևնույն է` պատմություն էի սիրում, այդ իսկ պատճառով սկսեցի հենց պատմություն դասավանդել»,- ասում է Պետրոսյանը` խոստովանելով, որ դասավանդելն իրեն եռանդ է հաղորդում:

Մինչդեռ հասարակական կազմակերպությունում աշխատանքը տուրք է ներքին հոգեկան պահանջին: Այդ գործունեության շնորհիվ նաև նա համամասնական ցուցակով որպես պատգամավոր ընտրվելու հնարավորություն ստացավ: Առաջարկին հատկապես նպաստել է նրա իրականացրած մի բավական խոշոր ծրագիր, որի շրջանակներում բարելավվել են իրենց ՀԿ անդամների կենցաղային պայմանները.

«Մեր շենքերում, գաղտնիք չէ, որ զուգարանների դռները շատ նեղ են, և այնտեղ սայլակով մտնել-դուրս գալն անհնար է: Եվ մեր առաջին խնդիրը հենց տան մեջ այդ մարդկանց համար նորմալ պայմաններ ապահովելն էր: Ճիշտ է` հիմա մենք դրսի ծրագիրն ենք համարում թիվ մեկ խնդիրը, բայց սկզբում որոշել էինք, որ տան պայմաններից սկսենք, որովհետև այդ մարդիկ հաճախ օրերով տանն են լինում: Մեծ ծրագիր ենք իրականացրել: Մարդ կար, ում տանը միայն զուգարանի վերակառուցման համար 7 մլն դրամ ենք ծախսել` պետության աջակցությամբ, իհարկե»:

Ծրագրի մասին պատմելիս Պետրոսյանն ընդգծում է` նախագահ Բակո Սահակյանն առաջին մարդն էր, ով հավատաց իր ուժերին:

«Մինչ այդ ասում էին` դե, հաշմանդամ աղջիկ է, էլի, թող աշխատի, բայց այդ հարցից հետո վերաբերմունքը փոխվեց: Ես հիմա ինձ ոչ թե հաշմանդամ եմ զգում, այլ մարդ, ով կարող է ինչ-որ օգուտ բերել հասարակությանը»,- ասում է իր կենսագրությամբ շատ բան ապացուցած կինը` կարևորելով հենց հոգեբանորեն իրեն վերականգնված զգալու համոզմունքը:

«Այո´, շատ դժվար էր, բայց հիմա որևէ մեկը հետևիցս էլ չի նայում դրսում, այդ մի բանը փոխվել է: Ի վերջո, մե՞նք ենք, չէ, այդ կարծրատիպերը ստեղծում»,- հարցնում է նա:

Այսօր Պետրոսյանի ղեկավարած ՀԿ-ն, որը զբաղվում է ողնաշարային վնասվածք ստացած ազատամարտիկների սոցիալական, իրավական, հոգեբանական օգնությամբ, 25 անդամ ունի: Ըստ ՀԿ ղեկավարի` ամենակարևորը նրանց բոլորի համար այն է, որ իրենք կարողացել են ամուր մնալ, չկոտրվել:

«Իհարկե, ամեն մեկի դեպքը յուրահատուկ է, և չկա մեկ ընդհանուր բանաձև բոլորի համար: Ինձ համար, օրինակ, Եղիշեի բառերն են շատ կարևոր` լավ է կույր աչոք, քան կույր մտոք: Եթե դու ինքդ դա չես ցանկանում, դա չես անում, ուրիշները չեն կարող քեզ օգնել»,- չկոտրվելու իր բանաձևն է ներկայացնում Պետրոսյանը:

ՔրիստինեԽանումյան

Լուսանկարներն Արեւիկ Պետրոսյանի անձնական արխիվից:

© Medialab.am


Սույն նախագիծը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Հոդվածի բովանդակության համար պատասխանատու են հոդվածի հեղինակները: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ Մեծ Բրիտանիայի կառավարության տեսակետներին: