Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գլխավոր երաշխավորներից է. Մակրոն

Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ֆրանսիան իր դերակատարությունն է բերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և խաղաղ բանակցությունների շարունակման գլխավոր երաշխավորներից է»,- ասել է Մակրոնը:

Նա նշել է, որ շփումների մեջ է և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, և շեշտադրել՝ լարվածության թուլացման կարևոր քայլերից է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև օպերատիվ կապի ապահովումը:

«Ֆրանսիան ուղղակի պարտավոր է լինել Հայաստանի կողքին՝ հաշվի առնելով հազարամյա ազգի շատ երիտասարդ պետության ուժերով ստեղծված ժողովրդավարությունն ու այն հաջողությունները, որ հիմա գրանցվում են շնորհիվ վերջին հեղափոխության»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:  

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին: Որպես պատվավոր հյուր միջոցառմանը մասնակցել է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: