Գագիկ Խաչատրյանի ծաղկաձորյան առանձնատան գործի առնչությամբ ՊՎԾ-ն փաստաթղթերն ուղարկել է Դատախազություն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2019թ․ սեպտեմբերի 13-ի գրությամբ Գլխավոր դատախազություն էր ուղարկել Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 18,20 և 20/1 հասցեների հողամասերի պետական գրանցման, նշված հասցեներում ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների օրինականացման վերաբերյալ փաստաթղթերը, որոնք ենթարկվել են ուսումնասիրության։

«Դրանցում առկա են եղել տվյալներ այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքի Խաչիկ Մուրադյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողամասում ինքնակամ կառուցված գույքն օրինականացվել է որպես հյուրանոց՝ խախտելով Հողային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, այն է՝ «Հանգստի հողերում արգելվում է դրանց ըստ նպատակային նշանակությամբ օգտագործելուն խոչընդոտող գործունեությունը»։

Նշված շինություններն օգտագործվում են որպես առանձնատուն և այդ հասցեում որևէ հյուրանոցային ծառայություն չի մատուցվում։

Ուսումնասիրության վրա կազմված տեղեկանքն ուղարկվել էր ՀՀ դատախազություն, որտեղից էլ համապատասխան փաստաթղթերը, այս տարվա հունվարի 15-ին ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ դրանցում նշված տեղեկությունները ստուգելու նպատակով մեկ այլ քրեական գործով համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար»,- ասված է հաղորդագրությունում: