«Ադրբեջանում կան դժգոհություններ, նաև մեղադրանք, թե ինչո՛ւ պետք է Իրանը պաշտպանի Հայաստանին, որը քրիստոնյա պետություն է». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ կան Հայաստանում Իրանի ներկայության հետ կապված, Իրանի արտգործնախարարի՝ Կապանում հյուպատոսության բացման ժամանակ արած հայտարարության վերաբերյալ:

– Ադրբեջանական մամուլն արդեն քանի օր է՝ այդ թեմաներով է գրում հոդվածներ, հեռուստաալիքներով ևս այդ թեմայի վերաբերյալ հաղորդումներ են ցուցադրվում: Օրինակ՝ երեկ ադրբեջանական քարոզչական haqqin.az կայքն էր հոդված ներկայացրել՝ անդրադառնալով իրանցի մի շարք պատգամավորների հայտարարություններին ու նաև զորավարժություններին:

Հոդվածագիրը պնդում է, որ Իրանը սխալվում է՝ մտածելով, թե Իսրայելը Ադրբեջանի միջոցով ներկայություն ունի, ու խորամանկորեն մոռանում են Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի այցը Բաքու ու վերջին ինտենսիվ հանդիպումները: Հոդվածի վերջում կարծիք է արտահայտվում, որ «Իրանի նպատակը Ադրբեջանի տարածքի օկուպացիան է», այսինքն՝ ադրբեջանական կողմը արտահայտում էր իմ մտահոգությունը, որ իրենք այնպիսի հրեական ներդրումներ են ներգրավել, որ կարծում են, թե դա կարող է Իրանին լրջորեն անհանգստացնել:

Հեռուստահաղորդումների ժամանակ էլ նշում են, որ իբր Իրանը վախենում է Ադրբեջանի հզորացումից, Իրանում ապրող թյուրքալեզուների խնդիրն են բարձրաձայնում, ինչի մասին վերջերս Ալիևն էլ էր խոսել, երբ հանդիպում էր ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար, բայց ոչ շատ ընդգծված այդ թեմային անդրադառնում է:

Ընդհանուր առմամբ, Իրանի քայլերը նրանց շատ է անհանգստացրել, նաև այն հանգամանքը, որ Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանի, տարածաշրջանի անվտանգությունը Իրանի անվտանգություն է, այս հայտարարության հետ կապված ադրբեջանական մամուլում նշվում է, թե «այդ ինչո՞ւ պետք է Իրանը անհանգստանա, եթե Ադրբեջանը գործողություններ ձեռնարկի Հայաստանի դեմ»: Սրանով նաև խոստովանում են իրենց ծավալապաշտական նպատակները, որ ունեն Հայաստանի նկատմամբ:

Այսինքն՝ ընդհանուր առմամբ, Ադրբեջանում դժգոհությո՞ւն կա:

 – Այո՛, դժգոհություններ, քարոզչական հարձակումներ, նաև մեղադրում են, թե ինչու պետք է Իրանը պաշտպանի Հայաստանին, որը քրիստոնյա պետություն է, նաև կրոնական բաղադրիչի վրա են փորձում շեշտադրումներ անել:

Իսկ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում նկատելի փոփոխություններ կա՞ն:

– Դեռևս չենք կարող ասել: Ժամանակ առ ժամանակ այդ հարաբերությունները սրվում են, նման իրավիճակ ստեղծվել էր նաև անցած տարվա այս ժամանակահատվածում, որից հետո ադրբեջանական կողմը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի մակարդակով պատվիրակություններ ուղարկեց, ու իրավիճակը ահագին շտկեցին: Գործնականում էլ իրենք կարևոր պայմանավորվածություններ ունեն միջինասիական երկրների հետ:

Ադրբեջանական կողմին ուղղակի անհանգստացրել է Իրանի խիստ դիրքորոշումը՝ սահմանների անձեռնմխելիության ու ճանապարհների սուբյեկտայնության պահպանման հետ կապված, ինչպես նաև նախազգուշացումները՝ Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումների հետ կապված:

Տիկի՛ն Հայրապետյան, իսկ ԵՄ քաղաքացիական առաքելության ու ԵԱՀԿ-ի կողմից Հայաստան ուղարկվող առաքելությանն ինչպե՞ս են վերաբերվում ադրբեջանական կողմում:

– Սահմանին առաքելության տեղակայման համաձայնությունը ձեռք է բերվել Պրահայում, որին մասնակցել է նաև իրենց ղեկավարը, բայց շարունակ շեշտում են, որ իրենք հրաժարվել են նրանց հետ աշխատելուց, որովհետև իրենք ավելի ուժեղի դիրքերից են հանդես գալիս ու նման այլ բաներ:

Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ չի համագործակցելու այս առաքելությունների հետ, ապա դրանց արդյունավետությունը որքա՞ն կլինի, ադրբեջանական կողմը որքանո՞վ հաշվի կառնի այդ առաքելության արձանագրումները:

– Այն, որ այս պահին Ադրբեջանը զսպում է իրեն, նաև հենց այդ առաքելությունների, Արևմուտքի ու Իրանի կոշտ դիրքորոշման արդյունքն է: Ես այդ ամենն ուղղակի համարում եմ ժամանակավոր լուծում, որովհետև համաշխարհային իրավիճակը կարող է արագ փոփոխվել, իսկ երկարաժամկետ առումով Ադրբեջանն իր նպատակներից չի հրաժարվել:

Ադրբեջանը կարող է այս պահին չգնալ լայնամասշտաբ էսկալացիայի, սպասել, բայց այն, որ ինքը երկարաժամկետ առումով դրել է այդ խնդիրը, անժխտելի փաստ է: Հետևաբար, որպեսզի խուսափենք դրանից, մենք՝ որպես պետություն ու ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք հնարավոր պատերազմին:

Այսինքն՝ առաջիկա ամիսներին Ադրբեջանը չի՞ գնա սահմանին իրավիճակի լարման, տիկի՛ն Հայրապետյան:

– Ընդհանուր առմամբ, սադրանքներ կարող են լինել, նաև տեսնում ենք, որ ամեն օր գրեթե խախտում են հրադադարը, բայց եթե նկատի ունեք լայնամասշտաբ գործողություններ, որոնք տեղի ունեցան այս տարվա սեպտեմբերին, կարծում եմ՝ զերծ կմնան, նաև առկա ճնշումների ու սպասվող ձմռան պատճառով, որը բարդացնում է նման գործողությունների գնալը: Իհարկե, ոչինչ չենք կարող բացառել, բայց, տրամաբանորեն, իրենք այս պահին ավելի կզգուշանան:

Իսկ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքմանը ադրբեջանական կողմը պատրա՞ստ է:

– Ես դա անհավանական եմ համարում: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կուզի այնպիսի թուղթ ստորագրել, որը մաքսիմալ մոտ կլինի իր առավելապաշտական նկրտումներին: Այն տարբերակը, որը ռուսական ու արևմտյան կողմերն են առաջարկում՝ դատելով հրապարակային որոշակի հայտարարություններից, դա ամբողջապես չի արտահայտում: Բնականաբար, մեր շահերին հակասող բաղադրիչներ ևս կան առաջարկվող թղթերում:

Այսինքն՝ առաջարկվող երկու տարբերակին էլ Ադրբեջանը, ըստ էության, կողմ չէ՞:

– Որքանով ես վերլուծում եմ Ալիևի քաղաքականությունն այդ առումով, նաև համեմատում եմ արցախյան նախկին բանակցային գործընթացի հետ ներկա գործընթացը, ամեն անգամ, երբ կողմերը մոտ են եղել հնարավոր փոխզիջումային լուծմանը, Ադրբեջանի նախագահը հետ է կանգնել պայմանավորվածություններից ու դրան զուգահեռ հզորացրել է ռազմական պոտենցիալը, որպեսզի հարմար պահի գնա այդ ճանապարհով:

Կարծում եմ՝ նա նույն քաղաքականությունն է իրագործում նաև հիմա, ուղղակի ժամանակն է ավելի քչացել, մենք 20 և 30 տարի կարող է և չունենանք: Բայց վստահեցնում եմ, որ Արցախից հրաժարումը որևէ խաղաղություն չի բերելու Հայաստանին, սա ասում եմ որպես պատմաբան ու Ադրբեջանի քաղաքականությունն ուսումնասիրող մարդ, դա ավելի է հզորացնելու մեր թշնամիներին ու թուլացնելու և խոցելի է դարձնելու մեզ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am