Փաստորեն, անպատժելիներ կան

Ժողովուրդ թերթը գրում է, որ կարճվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զարմուհու՝ Ալլա Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործը: Գործը հարուցվել էր այն բանից հետո, երբ Աբրահամյանը վրաերթի էր ենթարկել 3-ամյա մի երեխայի՝ ծնողների մինուճար զավակին, ով մահացել էր: Եվ ահա, ոստիկանությունը հաստատել է, որ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով:

Այս տեղեկությունը հատկապես ուշագրավ է ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի այն հայտարարության ֆոնին, թե Հայաստանում չկան անպատժելի մարդիկ: Փաստորեն կան, եւ ունեն կոնկրետ անուն ազգանուն, կոնկրետ հեղինակավոր հարազատներ իշխանության բարձրաստիճան հարթակներում:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն իհարկե իրավացի է՝ Հայաստանում չկան անպատժելի մարդիկ. խնդիրն ընդամենը մարդկանց հանցանքը ապացուցելն է: Այստեղ է, որ առաջանում են “դժվարությունները”, որովհետեւ կան բազմաթիվ անապացուցելի մարդիկ:

Այդ մարդիկ են Հայաստանի խնդիրը, որոնց հանցանքները, կամ որոնց հարազատների եւ ընկերների հանցանքները ոչ մի կերպ չեն ապացուցվում: Նրանք կարող են մարդ սպանել՝ դիտավորյալ կամ պատահաբար, բայց խուսափել պատասխանատվությունից, իսկ ընդդիմադիր որեւէ երիտասարդ կարող է ոստիկանին թարս նայել, ու դատապարտվել մի քանի տարվա ազատազրկման:Կարդալ ավելին